Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ հաստատված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը։
«Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի դիմելիությունը բավականին ակտիվ է ու բարձր։ Այս տարի այս ծրագրի համար պլանավորել էինք 2․4 միլիարդ դրամ, բայց, կանխատեսելով դիմումների ծավալը, մինչև տարեվերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 միլիոն դրամ»,- պարզաբանել է նախարարը։
Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի մայիսին մեկնարկած ծրագրի շրջանակում մինչ օրս աջակցություն է ստացել 17,609 շահառու, իսկ տրամադրված ընդհանուր գումարը կազմել է 13․2 միլիարդ դրամ։ Ֆինանսավորումն հատկացվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու դեպքերում։
Նախարարն ընդգծել է, որ միայն 2026 թվականի ընթացքում փոխհատուցում է տրամադրվել 2,425 շահառուի․ «Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»։
Գործող ծրագիրը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա վերջին, սակայն արդեն շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, որն առաջիկայում կհանձնվի Կառավարության դատին։ Այն հիմնված կլինի գոյություն ունեցող տրամաբանության վրա, սակայն կներառի մշտադիտարկման արդյունքում առանձնացված մի շարք առանցքային փոփոխություններ․
- Այսուհետ աջակցության գումարը կլինի ֆիքսված՝ 1 միլիոն դրամ՝ անկախ երեխաների թվից կամ հիպոթեքի մայր գումարի մնացորդից (նախկինում բազային աջակցությունը 500 հազար դրամ էր, որն ավելանում էր՝ ըստ երեխաների քանակի)։
- Եթե նախկինում հիպոթեքային աջակցությունը տարածվում էր մինչև 35 միլիոն դրամ արժողությամբ գույքի վրա,ապա նոր կարգով վերին շեմը հասցվել է 40 միլիոն դրամի։
- Ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմողը դիմելու պահին չպետք է ունենա այլ բնակարան, ինչպես նաև չպետք է տուն վաճառած լինի վերջին 12 ամսվա ընթացքում։
Նախարարի փոխանցմամբ՝ բնակարանային ապահովման նոր կարգը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի սկզբից։