
Առաջին անգամ «Ակադեմիական քաղաք»-ի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց 2021 թվականին։ Գաղափարը հենց առաջին օրվանից մեծ քննադատությունների արժանացավ, բուհերն ու գիտական հանրությունն ընդվզեցին, հազար ու մի առարկություն բերեցին, բայց Փաշինյանն իր սխալների մեջ հատկապես համառ է եւ հետեւողականորեն առաջ է տանում այս մեգանախագիծը, որը մեծ ներդրումներ է պահանջում եւ, ենթադրում ենք, նաեւ մեծ փողերի լվացքատուն կարող է դառնալ։ 5 տարի է անցել, այս ընթացքում արդեն մեծ գումարներ են ծախսվել, նախագիծ է կազմվել, հիմնադրամ է ստեղծվել, բայց գեթ մեկ քար չի դրվել այդ մեծ կառույցի վայրում։
ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանն այս տարի սեպտեմբերի 1-ը դիմավորել էր ապագա «ակադեմիական քաղաքում»։ «Հիմա գտնվում եմ Հայաստանի ակադեմիական քաղաքում, որը Հայաստանի կառավարության գլխավոր գերակայություններից էր, ծրագրերից էր՝ ունենալ նման քաղաք։ Տեսեք՝ ինչ գեղեցիկ են մեր ակադեմիական քաղաքի շինությունները, փողոցները, կրթական տարբեր կլաստերները»,- ցուցադրելով քարքարոտ տարածքը՝ հեգնում էր Ղազարյանը։ Չնայած այս տարվա սեպտեմբերի 1-ից մոտ 229 հանրակրթական դպրոց պետք է, ըստ էության, փակվեր։ Այս տարիներին կառավարությունը 8 մլրդ դրամ գումար է հատկացրել՝ «Ակադեմիական քաղաք»-ի հետ կապված հետազոտություններ, քննարկումներ իրականացնելու համար, սակայն սայլն այդպես էլ տեղից չի շարժվում, որեւէ տեսանելի աշխատանք այդպես էլ չի կատարվում, եւ հաստատվում է այն բոլոր մասնագետների համոզվածությունը, որոնք դեռ տարիներ առաջ վստահեցնում էին` այս գաղափարը Հայաստանի համար իրատեսական չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախկին ղեկավար Սարգիս Հայոցյանն էլ աշխատանքից ազատվեց «Ակադեմիական քաղաք»-ի հետ կապված խնդիրների պատճառով:
Սարգիս Հայոցյանը «Հրապարակի» հետ զրույցում չհերքեց շրջանառվող տեղեկությունը, պարզապես ասաց, որ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել։ «Ակադեմիական քաղաքի հիմնադրամ կա, այդ հարցերն իրենց ուղղեք»,- ասաց նա: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամից չմեկնաբանեցին, թե ինչ տեսանելի աշխատանք է տարվել այս տարիներին: «Ակադեմիական քաղաք»-ի խորհուրդը կազմված է 8 պաշտոնատար անձից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ։ Կազմում են՝ ԿԳՄՍ, արդարադատության, ՏԿԵ, ֆինանսների նախարարները, կադաստրի, քաղաքաշինության եւ Գիտության կոմիտեի նախագահները։
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը մեզ հետ զրույցում խուսափեց նախագծին հստակ գնահատական տալ. «Ես դասախոս եմ: Ինչքա՞ն գումարներ են տրամադրվել այդ նախագծի համար, եթե նայում ենք ծախսերը եւ նայում ենք, թե ինչքան է նախատեսված ծախսել, ինչքան փող են գրել բյուջեով…. մի խոսքով, չեմ կարող հստակ գնահատականներ տալ, բայց ես այնպես չէ, որ պետական համալսարան եմ գնում այն պատճառով, որ Ալեք Մանուկյան փողոցի վրա է, եթե հարկ լինի, Աշտարակ էլ կգնանք, Աշտարակ գնալն ամոթ չէ, բայց կարծում եմ՝ այդ ժամանակ ես արդեն չեմ լինի…. երկրներ կան, որոնք ունեն նման քաղաքներ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում հատուկ քաղաք են կառուցել համալսարանի համար: Ես ո՛չ ֆինանսավորել եմ այդ նախագիծը, ո՛չ գծագրել եմ, թարսի պես՝ Հայոցյանն էլ գնաց»:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանն էլ ասաց. «Ես երբեք այդ «Ակադեմիական քաղաք»-ին լուրջ չեմ վերաբերվել, քանի որ այդ ծրագիրը լուրջ ծրագիր չէ, ո՞նց կարելի է բոլոր բուհերն իրար խառնել, տանել մի տեղ, եւ հետո՝ դա լինելու բան չէ, չի կարող իրականանալ: Նրանք չեն կարողանա այդ լուրջ պրոյեկտն իրագործել: Ահռելի ֆինանսներ են պետք, հետեւողական ու մտածված աշխատանք է հարկավոր, ի վերջո` դա մեզ համար բացարձակ անիմաստ բան է: Տրանսպորտի հետ կապված եւ այլ հազար ու մի խնդիր կա: Մի խոսքով` դա լուրջ բան չէ: Աշխարհում թեպետ նման քաղաքներ կան, սակայն աշխարհում շատ բան կա, որ մեզ մոտ չկա»:
ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, շարունակում է իմիտացիա ստեղծել, թե իբր «Ակադեմիական քաղաք»-ը կառուցվում է, եւ այն առանցքային տեղ է զբաղեցնում իշխանական օրակարգում: Նախարար Ժաննա Անդրեասյանը երեքշաբթի օրը Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի շրջանակում մասնակցել է «Ապագա առաջնորդների ձեւավորում. բրիտանական կրթություն եւ տաղանդների զարգացման գերազանցություն» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է այն նպաստել ապագա առաջնորդների ձեւավորմանն ու տաղանդների զարգացմանը՝ նա նշել է, որ ծրագիրն իր մասշտաբով եւ ազդեցությամբ կարող է ամբողջությամբ վերափոխել հանրությունը։
«Ծրագիրը նախաձեռնելու առաջին փուլում գրեթե ոչ ոք չէր հավատում դրա իրագործմանը, իսկ այսօր արդեն հարցերը հիմնականում վերաբերում են ավարտի ժամկետներին։ Ծրագրի հաջողության գրավականներից մեկը սովորելու կարողությունն է, քանի որ այն առաջին հերթին իրականացնողներից է պահանջում շարունակաբար սովորել եւ զարգանալ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց. «Ակադեմիական քաղաքի մասին առաջին խոսակցությունները սկսվեցին 2020 թվականի սեպտեմբերին: Գաղափարը կար արդեն, տեղ էին փնտրում, թե որտեղ պետք է լինի «Ակադեմիական քաղաք»-ը: Այդ օրից անցել է ուղիղ 6 տարի: Իբր թե տեղը որոշվել է: 6 տարվա ընթացքում եղել է միայն այն, որ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք»-ի հիմնադրամ, այն հավաքել է իր աշխատակազմը, աշխատակազմն անդադար աճել է այս տարիների ընթացքում, աճել են նաեւ աշխատավարձերը, գումարների մեծ մասը ծախսվել է արտասահմանից փորձագետներ Հայաստան հրավիրելու վրա, ինչպես նաեւ՝ նախարարության եւ հիմնադրամի համապատասխան աշխատակիցների արտերկիր գործուղումների վրա, իբրեւ թե միջազգային փորձը պետք է ուսումնասիրել: Այս ամենին զուգահեռ, մենք գետնի վրա տեսնում ենք նույն տափաստանը, անապատը` քարքարոտ, եւ մի քանի աղբակույտ: Ցանկացած քաղաքացի կարող է գնալ ու տեսնել` Երեւանից Աշտարակ՝ Սասունիկի հատվածում է այն գտնվում: Ասեմ ավելին` նախագծի վերջնական տարբերակը դեռ չկա, այն հաստատված չէ: Ես մի անգամ հարցում եմ արել, թե որքան գումար են ծախսել, մեզ տվել են լղոզված պատասխան: Ասում են` չգիտենք ոնց հաշվենք՝ միայն հիմնադրամի՞ն հատկացված ծախսերն ասենք, նախագծի՞ն տրամադրված ծախսերն ասենք, թե՞ որ մեկը: Այս գործընթացը թողել է իր բացասական հետքը: Այն խոչընդոտել է բուհերի զարգացմանը: Ենթակառուցվածքների զարգացման որեւէ ծրագիր չի ֆինանսավորվել, փոխարենը «Ակադեմիական քաղաք» տրաֆարետային անվան տակ Հայաստանում տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի կազմաքանդման գործընթացը, եւ մոտավորապես մեկ տարի է՝ 30-ից ավելի գիտահետազոտական կազմակերպություն ԿԳՄՍ նախարարության եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կազմի մեջ են ներառել»: