
Երբ հողդ նվիրում են թշնամուն՝ ասելով, թե դրանք ձյունապատ տարածքներ են, մեզ պետք չեն, երբ առանց կրակոցի սեփական տարածքներից հետ ես քաշվում, այլևս զարմանալ պետք չէ գործող իշխանության ոչ մի խոսքի վրա։ Էլ պետք չէ հարցնել՝ ե՞րբ հասանք այն անդառնալի կետին, որ մեզ արդեն բացատրում են՝ ինչպես չպաշտպանել մեր ամենաթանկ մարդկանց։ Որովհետև այդ ամենից հետո արդեն հասկանում ես՝ ինչպիսի մտածողություն է ձևավորվում երկրում, և ինչ է այդ մտածողությունը պահանջում իր քաղաքացուց։
Չպաշտպանվե՛լ։ Չպատասխանե՛լ։ Չդիմադրե՛լ։ Սպասե՛լ։
Սպասել, մինչև ոստիկանությունը գա։ Սպասել, մինչև վտանգն անցնի։ Սպասել, մինչև թշնամին որոշի՝ ինչ անել քո հողի, քո տան, քո երեխաների հետ։
Արցախյան առաջին պատերազմը գիտե՞ք՝ ինչպես հաղթեցինք։ Կռվողի հետ իր ընտանիքն էր։ Նա գիտեր՝ եթե թշնամու դեմը չառնի, հետևում իր ընտանիքն է։ Նա կռվում էր ոչ միայն հողի, այլև այդ հողի վրա ապրող իր հարազատների համար։ Ոգի կար։ Պատասխանատվություն կար։ Այն համոզումը կար, որ թշնամուն դիմադրելը ոչ թե խաղաղության դեմ քայլ է, այլ սեփական տունը, ընտանիքն ու արժանապատվությունը պաշտպանելու պարտք։
Այսօր այլ վիճակ է։ Ասում են՝ թշնամին ներխուժել է տունդ, զենքը պահել է երեխայիդ գլխին՝ չպաշտպանվել։ Լավագույն դեպքում սպասել, մինչև ոստիկանը գա։
ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասում է․ «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի, դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»։
Սա՞ է խաղաղության մասին ձեր պատկերացումը։ Քաղաքացին պետք է չպատասխանի թշնամու կրակոցին, չդիմադրի վտանգին, չփորձի պաշտպանել իր ամենաթանկը։ Եվ հետո ինչո՞ւ եք զարմանում, երբ այդ մտածողության ֆոնին Նիկոլ Փաշինյանը Շաքիի ողբերգության մասին ասում է․ «Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա»։
Ահա այստեղ է ամենացավոտը։ Մորը, ըստ էության, ասում են՝ պետք է սպասեիր։ Պետք է զսպեիր մայրական բնազդդ։ Պետք է չշտապեիր պաշտպանել երեխաներիդ։
Բայց ինչպե՞ս կարելի է մորից պահանջել, որ վտանգի պահին դադարի մայր լինելուց։
Այո՛, յուրաքանչյուր դեպքի հանգամանքները պետք է գնահատվեն փաստերով։ Բայց մի բան է իրավական գնահատականը, մեկ այլ բան՝ վտանգի պահին երեխային պաշտպանելու մղումը մեղադրանքի վերածելը։ Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե ինչ կլիներ, եթե մայրը սպասեր։ Իսկ ինչո՞ւ ենք այդքան վստահ, երբ նրան բացատրում ենք, թե ինչ պետք է աներ։
Եվ հիմա մի հարց Նիկոլ Փաշինյանին։
Երբ վտանգը հասավ քո ընտանիքին, դու նույն խորհուրդը տվեցի՞ր ինքդ քեզ։
Երբ քո որդին՝ Աշոտ Փաշինյանը, հայտնվեց պատերազմի վտանգի մեջ, դու կանգնեցի՞ր ու սպասեցիր, մինչև պատերազմն ավարտվի։ Քեզ ասացի՞ր՝ նա էլ մյուսների նման զինվոր է, նա էլ իր պարտքն ունի, ես չպետք է միջամտեմ, չպետք է փորձեմ որևէ բան անել։ Թող ամեն ինչ ընթանա իր հունով, որովհետև պատերազմ է։
Ի՞նչ արեցիր։ Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին որդուդ անվտանգությունն ապահովելու համար։ Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս նա վերադարձավ։ Այս հարցերի պատասխանները պետք է հիմնվեն փաստերի վրա։ Բայց մի բան ակնհայտ է՝ երբ խոսքը սեփական երեխայի մասին է, ծնողից անտարբերություն պահանջելն անհնար է։ Բա ինչո՞ւ Աշոտիկին փրկելու համար հայրական բնազդդ չզսպեցիր․․․Ժողովուրդը քեզ չմեղադրեց որդուդ պաշտպանելու ցանկության համար։ Ինչո՞ւ պիտի մեղադրեր։ Դու հայր էիր, և հայրական բնազդդ բնական էր։ Բայց դու նաև գերագույն հրամանատար էիր, և այդ պաշտոնը ենթադրում էր պատասխանատվություն բոլոր զինվորների ու բոլոր ընտանիքների առաջ։ Քո որդին էլ զավակ էր, ինչպես մյուս զինվորները։ Այդ դեպքում ինչու՞ հենց քո զավակին փրկեցիր։ Հայրական բնազդ չկա՞ր։
Այդ դեպքում ինչո՞ւ ես ուրիշի մորից պահանջում այն, ինչ ինքդ չէիր կարող անել։
Ինչո՞ւ ուրիշի մայրը պետք է զսպի իր բնազդը, իսկ քո հայրական բնազդը պիտի իրավունք ունենա գործելու։
Քոնը չէ՞, դրա՞ համար։
Երբ վտանգի մեջ քո զավակն է, դու հայր ես։ Երբ վտանգի մեջ ուրիշի զավակն է, նրա մայրը պետք է սպասի ոստիկանությանը։ Երբ քո ընտանիքի հարցն է, մարդկային զգացմունքները հասկանալի են։ Երբ ուրիշի ընտանիքի հարցն է, այդ զգացմունքները հանկարծ պետք է զսպել։
Ահա սա է խնդիրը։ Ոչ թե այն, որ հայրը փորձում է պաշտպանել իր որդուն։ Դա բնական է։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ նույն մարդկային իրավունքը չի ճանաչվում նաև ուրիշի մոր համար։
Ընդունե՛ք՝ ձեր իշխանությունն իր համար մի չափանիշ ունի, հասարակության համար՝ մեկ ուրիշը։
Եվ մի՛ պահանջեք, որ ուրիշի մայրը վտանգի պահին հրաժարվի իր մայրական բնազդից, երբ ինքներդ ձեր ընտանիքի հարցում երբեք չէիք ընդունի այդ պահանջը։