Հրապարակվել է աշխարհի պետությունների կառավարման կարողություններն ու արդյունավետությունը գնահատող վարկանիշը․ հարևաններից ո՞ւմ է զիջում ՀՀ-ն

Աշխարհի պետությունների կառավարման կարողություններն ու արդյունավետությունը գնահատող վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 64-րդ տեղը 133 երկրի թվում՝ հավաքելով 0.503 միավոր։

The Chandler Good Government Index (CGGI) 2026 վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները զբաղեցնում են բարձր արդյունավետություն և կայուն ինստիտուտներ ունեցող երկրները։ Առաջին տեղում արդեն 4-րդ տարին անընդմեջ Սինգապուրն է:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Նորվեգիան (բարելավելով դիրքերը 2 հորիզոնականով), երրորդ տեղում Դանիան է:

Առաջատար տասնյակում ներառված են Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Գերմանիան և Նիդեռլանդները։

CGGI-ն գնահատում է պետական կառավարումը՝ հիմնվելով 35 եզակի ցուցանիշի վրա, որոնք խմբավորված են 7 հիմնական բաժինների շուրջ՝

  • առաջնորդություն և հեռանկարային տեսլական,
  • ամուր օրենքներ և քաղաքականություն,
  • ուժեղ ինստիտուտներ,
  • ֆինանսական կառավարում / տնտեսվարում,
  •  գրավիչ շուկա և տնտեսական միջավայր,
  • գլոբալ ազդեցություն և հեղինակություն,
  •  մարդկանց առաջխաղացման հնարավորություններ։

Հայաստանի դիրքերն առանձին ուղղություններով բաշխվել են հետևյալ կերպ. հանրային ֆինանսների կառավարում՝ 57-րդ տեղ, իրավական և քաղաքականության հիմնավորվածություն՝ 61-րդ տեղ, գլոբալ ազդեցություն և հեղինակություն՝ 64-րդ տեղ, ինստիտուցիոնալ հզորություն՝ 77-րդ տեղ, շուկայի գրավչություն՝ 81-րդ տեղ, առաջնորդություն և ռազմավարական տեսլական՝ 89-րդ տեղ։

ՀՀ հարևանների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը, սակայն ֆինանսական կառավարման և բյուջետային կարգապահության առանձին սյունով գրանցել է բացառիկ արդյունք՝ զբաղեցնելով 3-րդ տեղն աշխարհում (զիջելով միայն Սինգապուրին և Նորվեգիային):

Վրաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը (ցուցանիշում առանձնանում է բիզնես կանոնակարգերի և թափանցիկության ավելի բարձր ենթավարկանիշներով):

Թուրքիան 75-րդն է, իսկ Իրանը գտնվում է աղյուսակի ավելի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 111-րդ տեղը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *