Հորմուզի նեղուցն ունի միայն երկու ափամերձ պետություն՝ Իրանը և Օմանը․ Իրանի ԱԳՆ

Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ համաձայնագիրը կարող է գրանցվել ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունում (ՄԾԿ). РИА Новости-ի հետ զրույցում նշել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Այս համաձայնագիրը ձեռք է բերվել, և մենք եզրակացրել ենք, որ վերջնական արդյունքում կարող ենք պաշտոնապես գրանցել այս համաձայնագիրը ՄԾԿ-ում. սա լիովին իրագործելի է», – նշել է Ղարիբ-Աբադին։

Փոխնախարարը նշել է, որ ՄԾԿ-ում հուշագրի գրանցումն անմիջապես չի բացի Հորմուզի նեղուցը. դա կախված է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարումից։ Դիվանագետը հավելել է, որ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության քարտեզների և մուտքի ու ելքի ուղիների վերաբերյալ։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ համաձայնագիրը խիստ երկկողմանի է։

«Սա կարևոր կետ է. սա բացառապես երկկողմանի համաձայնագիր է Իրանի և Օմանի միջև, այլ ոչ թե Իրանի և տարածաշրջանային այլ երկրների կամ ԱՄՆ-ի միջև։ Ինչո՞ւ։ Որովհետև Հորմուզի նեղուցն ունի միայն երկու ափամերձ պետություն, ո՛չ ավելին», – ընդգծել է Ղարիբ-Աբադին։

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործընթացի շրջանակում Իրանն ու Օմանն անհրաժեշտ խորհրդակցություններ են անցկացրել այլ երկրների հետ և որևէ անհամաձայնություն չեն տեսել նրանց կողմից հուշագրի վերաբերյալ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *