«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցա ԳՐԻՆ ԷՆԵՐՋԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆՅԵՌՆ-ի գործադիր տնօրեն Էրիկ Յափունջյանի և ընկերության իրավաբանական հարցերով ղեկավար Էմիլ Միրզոյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք խմելու և ոռոգման ջրատար համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության առանձնահատկությունները, ոլորտում առկա խնդիրները և դրանց կարգավորմանն առնչվող օրենսդրական բացերը։
Հատուկ ուշադրություն դարձվեց էլեկտրաէներգիայի գնման մեխանիզմներին, գործող սակագնային քաղաքականությանը և այն դժվարություններին, որոնց բախվում են փոքր ՀԷԿ-երի սեփականատերերն ու շահագործող ընկերությունները։
Այսուհետ ոլորտի խնդիրները կլինեն իմ ուշադրության կենտրոնում։ Կշարունակեմ ուսումնասիրել բարձրացված հարցերը, համագործակցել շահագրգիռ կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով՝ նպաստելով ոլորտում առկա խնդիրների լուծմանը, արդար ու արդյունավետ կարգավորումների ձևավորմանը և փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեության ապահովմանը»,– հայտնել է Մխիթարյանը։