Քաղաքական բանակցությունները եւ որոշումները իրականում ամբողջությամբ չեն բացահայտում եւ ցույց չեն տալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մակարդակը։ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում` երբեմն ուղիղ, երբեմն միջնորդավորված։ Քանի դեռ գործարարների մեծ մասը սպասում է քաղաքական լուծումների, կան բիզնեսներ, որոնք վաղուց հարթել են հայ-թուրքական ճանապարհը։
Այս տարվա հուլիսին Թուրքիան Հայաստանին տվեց 077 մաքսային կոդը։ Այն նպատակ ունի հեշտացնել կամ կարգավորել երկրների միջև առևտրային գործընթացները ու մաքսային ձևակերպումները: Սակայն, փաստացիորեն դրանից ոչ մի գործարար չի oգտվել, քանի որ դեռ կան փաստաթղթային ձեւակերպումների խնդիրներ։
Այդուհանդերձ, թուրքական որոշ ապրանքներ շարունակում են հասնել հայկական շուկա՝ սուրճից ու կերամիկական սալիկներից մինչև մանկական խաղալիքներ։ Դրանց հետևում հայ և թուրք գործարարների համագործակցություններն են, որոնք տարիների պատմություն ունեն՝ անկախ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից։
Իզմիրում գործող սուրճ արտադրող ընկերություններից մեկը Հայաստանի հետ համագործակցում է արդեն շուրջ 15 տարի։ Ընկերության ղեկավար Մյուժդաթ Այդընը հորից է ժառանգել իր բիզնեսը։ Նրա խոսքով՝ հայրը Իզմիրում առաջին թուրք գործարարն է եղել, որը սկսել է սուրճի արտադրությամբ զբաղվել։
Այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է Հարավային Կորեա, եվրոպական երկրներ, Ավստրալիա և Վրաստան։ Հայաստանի հետ կապն էլ կա, բայց՝ միջնորդավորված։
«Տարեկան 1-2 անգամ է ուղարկվում Հայաստան մեծ խմբաքանակով։ Հիմնականում ինքնաթիռով է ուղարկվում, որովհետեւ ԿԱՐԳՈ-ով թանկ է լինելու»։
Այս դեպքում ապրանքը Հայաստան է հասնում երրորդ երկրի, մասնավորապես՝ Վրաստանի միջոցով։ Հետևաբար այդ գործարքները չեն արտացոլվում որպես Թուրքիայից Հայաստան ուղիղ առևտուր։ Պաշտոնական վիճակագրության մեջ դրանք կարող են երևալ Վրաստանի հետ առևտրի շրջանակում։
Հայաստանը սուրճի մեծ սպառում ունեցող շուկա է դարձել, ներկա պահին անգամ ՌԴ-ից ավելի շատ սուրճ է սպառում։ Թուրք գործարարը հայ գործընկերների հետ համագործակցությունը դիտարկում է որպես երկարաժամկետ բիզնես կապ։
«Ընդհանուր առմամբ խնդիրներ չկան միակ խնդիրն այն է որ Վրաստանի տարածքով է անցնում ապրանքը, դա արդեն երկարացնում է շղթան։ Ես ինչպես հասկացել եմ, հայ գործարարները Վրաստանում էլ ունեն ընկերություններ կամ ծանոթ ընկերություններ եւ դրանց միջոցով են գումարի փոխանցումը կատարում:
Բացի սուրճից թուրքական ընկերությունը արտադրում է նաեւ արտադրական ծավալների մեր սրճաղացներ։ Դրանցից մեկը` ամենամեծը, որը նախատեսված է 180 կգ սուրճ բովելու եւ աղալու համար արդեն հավաքված է արտադրամասում եւ սպասում է իր հերթին` պետք է ուղարկվի Հայաստան։
Համագործակցության մեկ այլ օրինակ էլ կերամիկական սալիկների և սանտեխնիկայի արտադրությունն է։ Այս ընկերությունը Հայաստանի գործընկերների հետ աշխատում է շուրջ 20 տարի։ Ի տարբերություն սուրճի բիզնեսի՝ այստեղ առևտուրն իրականացվում է ուղիղ․ փաստաթղթերում և վճարումներում նշվում են Հայաստանը և Թուրքիան, ասում է ընկերության ներկայացուցիչ Հաքան Մեսթանդողանը։
Ընկերությունում գոհ են հայ գործընկերների հետ աշխատանքից և հույս ունեն, որ սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմի համար։
«Դա ավելի կհեշտացնի մեր աշխատանքը։ Փաստաթղթաշրջանառությունը ավելի հեշտ կլինի, կոմունիկացիան ավելի հեշտ կլինի, ամեն ինչը ավելի հեշտ կլինի։ Ապրանքը ավելի էժան կլինի և ոչ մեկը ժամանակ չի կորցնի։
Գործարարները ամենաշատը խոսում են ոչ թե օրենսդրական խոչընդոտների, այլ քաղաքական որոշումների և սահմանների բացման անհրաժեշտության մասին։
Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի վերացրել գործարար կապերը։ Դրանք շարունակվում են՝ երբեմն ուղիղ, երբեմն միջնորդավորված, բայց երկու կողմի համար էլ նոր հնարավորությունների ակնկալիքով։
armradio.am