Հիջաբը միայն մազերը չէ, որ ծածկում է։ Դրա շուրջ ծավալված վեճը երբեմն բացահայտում է այն քաղաքական հակասությունները, որոնք տարիներ շարունակ քողարկվել են դաշնակցային հարաբերությունների հետևում։ Այսօր այդ հակասություններն ի հայտ են եկել Անկարայի և Բաքվի միջև։
Հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ դժգոհությունը փողոցից հասավ պետական ապարատ։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հրապարակավ դատապարտել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը՝ հարցը ներկայացնելով հավատի և արդարության խնդիր։
«Հավատից ելնելով գլխաշոր կրող աշակերտուհիներին չի կարելի զրկել կրթության իրավունքից։ Իր հավատի պատճառով գլուխը ծածկող աշակերտուհուն դպրոցի դռների հետևում թողնելը որևէ խղճի կամ արդարության տակ չի տեղավորվում։ Գլխաշորը խոչընդոտ չէ, այլ հավատի պահանջ։ Կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարական պարտադրանքի»,- ասել է Սարալը։
Այս հայտարարության պատասխանը չուշացավ։ Այն եկավ ոչ ավելի, ոչ պակաս Ալիևի կուսակցությունից։ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Անկարայի՛ հայտարարությունները որակեց «պոպուլիստական և անպատասխանատու»։ կրոնական իրավունքի շուրջ վեճն արագ վերածվեց մեկ այլ՝ շատ ավելի զգայուն հարցի շուրջ հակադրության՝ ո՞վ իրավունք ունի գնահատելու, թե ինչպես պետք է գործի մյո՛ւս պետությունը։
«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի սահմանած «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը կազմում է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հոգևոր և քաղաքական հիմքը։ Սակայն այս պատմական արտահայտության էությունը չպետք է աղավաղվի։ Խոսքը հենց մեկ ազգի և երկու անկախ պետություննե րի մասին է։ Այս սկզբունքը ոչ մի հիմք չի տալիս մի պետությանը միջամտել մյուսի ներքին գործերին կամ պարտադրել իր քաղաքական և գաղափարախոսական մոտեցումները»,- ասված է կուսակցության հայտարարությունում։
«Մեկ ազգ, երկու պետություն»․ Բաքվի պատասխանում այս բանաձևը հնչում է ոչ միայն որպես եղբայրության հավաստում, այլև որպես հստակ քաղաքական սահմանազատում։ Ադրբեջանը հիշեցնում է՝ պատմական մտերմությունը չի վերացնում ինքնիշխանությունը։ Արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ այս հակադրության հիմքում երկու դաշնակիցների հարաբերություններում վաղուց հասունացող խնդիրն է․ Ադրբեջանը ձգտում է ընդլայնել իր արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, իսկ Թուրքիան՝ պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում և թույլ չտա՛լ, որ իր ռազմավարական գործընկերը դուրս գա Անկարայի համար կանխատեսելի շրջանակներից։
«Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել միջին տերության կարգավիճակ՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին ներկայում ունի Թուրքիան։ Իսկ Թուրքիան, իր հերթին, ձգտում է դառնալ գլոբալ խաղացող։ Այս դիրքային փոփոխությունների համատեքստում երկու կողմերն էլ փորձում են օգտագործել հնարավոր առիթները՝ սեփական շահերն առաջ մղելու համար։ Հատկապես Թուրքիան ձգտում է կանխել կամ առնվազն կառավարելի պահել Ադրբեջանի նման նկրտումները»,- ասել է Պետրոսյանը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ ընգծում է՝ լարվածությունն ակնհայտ է։ Երբեմնի եղբայրական պետությունների միջև ի հայտ են եկել տարաձայնություններ, որոնք ներքին մակարդակով լուծել չի ստացվում։
«Դեռևս շաբաթներ առաջ, երբ ադրբեջանական կողմը ՄԱԿ ամբիոնից Իսրայելի ներկայացուցչի ելույթի ժամանակ չէր լքել դահլիճը, սոցիալական ցանցերում արդեն իսկ նկատելի էր երկու կողմերի միջև առկա լարվածությունը։ Խնդիրը հասավ նույնիսկ նրան, որ ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց՝ Թուրքիային մեղադրելով Ադրբեջանի դեմ հիբրիդային պատերազմ իրականացնելու համար»,- նշել է Հայրապետյանը։
Անկարայի և Բաքվի միջև տարաձայնությունները միայն այս միջադեպով չեն սահմանափակվում։ Իսրայելի հարցը ևս վաղուց երկու երկրների շահերի անհամատեղելի կետերից է։ Քաղաքագետ Հրանր Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ կողմերը երկար ժամանակ նախընտրել են չսրել այդ հակասությունները՝ հանուն ավելի լայն ռազմավարական շահերի։ Բայց քաղաքական հաշվարկը փոխվում է, երբ չլուծված խնդիրները սկսում են կուտակվել, իսկ փոխադարձ զիջումների հնարավորությունները՝ սահմանափակվել։
«Հիմնական պատճառը ոչ այնքան ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն են կամ Ադրբեջանի ներսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բաքվի և Անկարայի տարբեր ընկալումները, որքան մեկ այլ՝ ավելի խորքային խնդիր։ Ալիևը հասկանում է, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա չափազանց մեծացել է, և դա սպառնում է իր ինքնուրույնության նվազմանը, մասնավորապես՝ անկախ որոշումներ կայացնելու հնարավորությանը»,- կարծում է քաղաքագետը։
Ադրբեջանա-թուրքական հարաբերությունների այս լարվածությունն արդեն հայտնվել է նաև միջազգային վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։ NEST կենտրոնի փորձագետ Ռուսլան Սուլեյմանովի գնահատմամբ՝ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն ինքնին այն հարցը չեն, որի պատճառով Անկարան կցանկանար բացահայտ առճակատման գնալ Բաքվի հետ։ Ավելին՝ Թուրքիայի սեփական քաղաքականությունն էլ միանշանակ չէ․ Իսրայելի ղեկավարությանը կոշտ քննադատելու հետ մեկտեղ Անկարա՛ն շարունակում է տնտեսական կապերը, այդ թվում՝ ադրբեջանական և իրաքյան նավթի տարանցման ոլորտում։
Թուրքական ճնշումներն ուղիղ մեսիջ են Ալիևին, որի վերջին հայտարարությունները Թուրքիայում շատ սուր են ընկալել, համոզված է ադրբեջանագետը։
«Վերջին շրջանում Ալիևը բավական հանդուգն էր դարձել իր ելույթներում և ձևակերպումներում։ Օրինակ՝ ադրբեջանական կողմը տարբեր առիթներով փաստացի ուղղակիորեն միջամտում էր Թուրքիայի ներքին գործերին, ինչը ևս հազվադեպ, գրեթե աննախադեպ երևույթ է»,- ընգծում է Տաթևիկ Հայրապետյանը։
Երկու երկրների ամբիցիաների այս պայքարում Ադրբեջանն իր ձեռքում ունի մի քանի կարևոր գործիք։ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Առաջինը աշխարհագրական դիրքն է։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների հատման կետում։
«Ոչ պակաս կարևոր հանգամանք է էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Դրանց շնորհիվ Ադրբեջանը կարողացել է ձևավորել և շարունակում է ամրապնդել գործակցությունը թե՛ Թուրքիայի, թե՛ Եվրամիության մի շարք կարևոր երկրների, թե՛ Իսրայելի, Մերձավոր Արևելքի պետությունների, օրինակ՝ Սիրիայի հետ։ Ադրբեջանը փորձում է միաժամանակ ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և ավելի լայն մերձավորարևելյան տարածաշրջանում՝ զուգահեռաբար զարգացնելով հարաբերությունները Եվրամիության հետ։ Այս ամենը, բնականաբար, մեծացնում է նրա հնարավորություններն ու հավակնությունները՝ ամրապնդելու իր դիրքերը և ձգտելու միջին տերության կարգավիճակի»,- ասել է արաբագետը։
Անկարայի և Բաքվի հակասություններն արդեն դուրս են եկել փակ դռների հետևից, բայց դա դեռ չի նշանակում, որ ռազմավարական դաշինքը փլուզման եզրին է։ Երկու երկրներին կապում են էներգետիկ, տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական շահեր, որոնք շարունակում են զսպել բաց առճակատումը։ Սակայն փոխվում է հարաբերությունների տրամաբանությունը։ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը շարունակում է մնալ դաշինքի խորհրդանիշը, բայց երկու անկախ պետությունների գաղափարը, Բաքուն ավելի ու ավելի ընդգծված է դարձնում։ Եվ կարծես թե երբեմնի անբաժան դաշնակիցների համար այսօր ավելի կարևոր է դառնում ոչ թե այն, թե ինչն է իրենց միավորում, այլ թե ով է թելադրում խաղի կանոնները։
Գառնի Մութաֆյան