Ազգային ժողովի մոտ բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, ապա բախվել լուսակիրի մոտ կանգնած 3 քաղաքացու, ինչից հետո մոտոցիկլավարն ու այդ երեք քաղաքացիները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլի և ավտոմեքենայի սեփականատերերի, մոտոցիկլավարի, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, որը բախվել է «Tesla»-ի հետնամասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *