Ստամբուլում ուժեղ ջրհեղեղի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ 14-ամյա դեռահասը մահացել է էլեկտրահարումից՝ ոտքը դնելով ջրափոսի մեջ։ Մյուս զոհը 34-ամյա տղամարդ է, որը ճանապարհն անցնելու փորձի ժամանակ սայթաքել է, ընկել եւ գլխով հարվածել մայթին։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուի խոսքով՝ պատճառը վերջին 84 տարվա ընթացքում տեղացած ամենաուժեղ անձրեւներն են, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Ստամբուլի փոխքաղաքապետի խոսքով՝ փրկարարները տարհանել են մոտ 600 մարդու, որոնք ջրհեղեղի պատճառով հայտնվել էին արգելափակված վիճակում։ Քաղաքի որոշ շրջաններում ավտոմեքենաներն ամբողջությամբ ջրի տակ են անցել։
Ստամբուլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ Ստամբուլի որոշ շրջաններում տեղումների քանակը կազմում է տարեկան նորմայի 1/7- րդ մասը։ Քանի որ կանխատեսվում է, որ անձրեւները կշարունակվեն, իշխանությունները կարգադրել են ուրբաթ փակել դպրոցները։