Բաքուն հակահայկական արշավներ է կազմակերպել եվրոպական քաղաքաներում՝ պաշտոնական Երևանին մեղադրելով «ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները» չտրամադրելու մեջ։
«Ադրբեջանական «Gilavar» ֆոտոակումբ հասարակական միավորումը հոկտեմբերի 15-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացրել է հերթական ցուցահանդեսը՝ «Աշխարհն առանց ականների» միջազգային արշավի շրջանակում։
Լուսանկարների ցուցադրությունը ուշադրություն է հրավիրել Հայաստանի ստեղծած ականային խնդրին»,– արշավի մասին գրում են ադրբեջանական ԶԼմ–ները։
Նշվում է, որ ցուցահանդեսի ժամանակ սին մեղադրանքներ են հնչեցվել Հայաստանի հասցեին, թե, իբր, «ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները» չտրամադրելու հետևանքով հետկոնֆլիկտային ժամանակահատվածում մահացել է շուրջ 500 մարդ։
Նմանատիպ հակահայկական ցուցադրություն հոկտեմբերի 5-ին անցկացվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, հոկտեմբերի 7-ին՝ Չեխիայի Բռնո քաղաքում, հոկտեմբերի 9-ին՝ Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում, հոկտեմբերի 11-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։