
Գյումրու օրվա տոնակատարությունների շրջանակում, ավանդույթի համաձայն, քաղաքի ավագանու որոշմամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց 75-ամյա քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանին՝ քաղաքին մատուցած բացառիկ ծառայությունների և մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Սամվել Պետրոսյանը գյումրեցի արվեստագետ է, որի ստեղծագործությունները կարևոր տեղ են զբաղեցնում հայկական քանդակագործության մեջ։ Նրա հեղինակած աշխատանքների թվում են հայ և համաշխարհային մշակույթի ճանաչված գործիչների արձաններ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Անանիա Շիրակացու և Վահան Չերազի քանդակները։
Քանդակագործի համար առանձնահատուկ հիշողություն է Շառլ Ազնավուրի արձանի ստեղծման պատմությունը։ Արձանի բացմանը ներկա է եղել նաև աշխարհահռչակ շանսոնյեն, և Սամվել Պետրոսյանի համար կարևոր էր իմանալ, թե որքանով է հավանել Ազնավուրը իրեն պատկերող քանդակը։
«Հարցրին՝ հավանո՞ւմ եք։ Ասաց՝ շատ, ասիկա հենց ինքն է։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ հատկապես ո՞ր պահն էր հավանել, ինչո՞ւ էր արձանն իրեն դուր եկել։ Ասաց՝ ասիկա շատ ավելի երիտասարդ է»,- պատմել է Սամվել Պետրոսյանը։
Ազնավուրի այս արձագանքը քանդակագործի հիշողության մեջ մնացած ուշագրավ դրվագներից է, որը ևս մեկ անգամ ընդգծում է արվեստագետի աշխատանքի առանձնահատկությունը՝ ճանաչելի կերպարը ներկայացնել սեփական ստեղծագործական ընկալմամբ։
Սամվել Պետրոսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչման շնորհումը քաղաքի կողմից նրա երկարամյա ստեղծագործական գործունեության և մշակութային կյանքում ունեցած ավանդի գնահատականն է։
Գյումրու օրվա շրջանակում քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին նաև երեք գյումրեցիներ, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել քաղաքի առողջապահական, մշակութային և մարզական կյանքի զարգացման գործում։
Քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Մինասյանը, որն արդեն 14 տարի զբաղվում է սրտային միջամտություններով՝ իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելով մարդկանց կյանքերի փրկությանը։
2016 թվականին Երևանից Գյումրի տեղափոխվելուց հետո նա իր կյանքն ու աշխատանքը կապել է Շիրակի մարզկենտրոնի հետ՝ կարևոր դեր ստանձնելով տեղի առողջապահական ծառայությունների զարգացման գործում։
Սրտի ստենտավորման միջամտությունների միջոցով Դավիթ Մինասյանը փրկել է հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Նրա մասնագիտական օգնությունից օգտվում են ոչ միայն Գյումրիի և Շիրակի մարզի բնակիչները, այլև Հայաստանի այլ բնակավայրերից ու Ջավախքից Գյումրի դիմող հիվանդները։
Նրա գործունեության շնորհիվ Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը մասնագիտական կարողություններով և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում մայրաքաղաքային բժշկական կենտրոններին։
Դավիթ Մինասյանի աշխատանքը կարևոր նշանակություն ունի հատկապես այն առումով, որ սրտային խնդիրներ ունեցող հիվանդները կարողանում են անհրաժեշտ մասնագիտական օգնությունը ստանալ Գյումրիում՝ առանց Երևան մեկնելու անհրաժեշտության։
Ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նաև հայտնի դուդուկահար և կլառնետահար Նորայր Բարսեղյանը՝ Քոտոն, որն արդեն 46 տարի իր երաժշտությամբ ներկայանում է հանդիսատեսին։
Գյումրիում ծնված 60-ամյա երաժիշտը երկարամյա գործունեության ընթացքում ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Մոսկվայում աշխատելու տարիներին նա համագործակցել է ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչների՝ Սոսո Պավլիաշվիլիի, Աբրահամ Ռուսոյի, Իրինա Ալեգրովայի, Վլադիմիր Պրեսնյակովի և այլոց հետ։
Չնայած միջազգային համագործակցություններին՝ Նորայր Բարսեղյանի երաժշտական գործունեության կարևոր ուղղություններից մեկը մշտապես եղել է հայկական ժողովրդական երաժշտության ներկայացումն ու տարածումը։
Նրա ստեղծագործական ուղին կապված է նաև կինոարվեստի հետ․ երաժիշտը նվագել է մի շարք հայտնի կինոֆիլմերում՝ իր կատարումներով նպաստելով դրանց երաժշտական հնչողությանը։
1988-1999 թվականներին Նորայր Բարսեղյանն աշխատել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական անսամբլում։ Հենց այդ տարիներին էլ կլառնետ նվագելուն զուգահեռ սկսել է նվագել դուդուկ՝ հետագայում դառնալով այդ գործիքի ճանաչված կատարողներից մեկը։
Քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրումը նրա երկարամյա ստեղծագործական գործունեության, երաժշտական արվեստում ունեցած ավանդի և հայկական ժողովրդական երաժշտությունը ներկայացնելու գործում։
Քաղաքապետարանի ոսկե հուշամեդալի արժանացավ նաև Գյումրու ջրային մարզաձևերի դպրոցի տնօրեն, լողի սպորտի վարպետ Հովհաննես Կարապետյանը։
Նրա գործունեության կարևոր ուղղություններից է երեխաների շրջանում լողի տարածումը, մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանումն ու դրա հասանելիության ընդլայնումը։
Հովհաննես Կարապետյանի ջանքերով հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել Գյումրու միակ լողավազանը, ինչպես նաև ջրային մարզաձևերի մարզադպրոցը։ Սա կարևոր քայլ է քաղաքի մարզական ենթակառուցվածքների զարգացման և լողով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավման տեսանկյունից։
Լողավազանի և մարզադպրոցի շահագործումը նոր հնարավորություններ է ստեղծում մարզիկների պատրաստման, երեխաների շրջանում լողի տարածման և Գյումրիում ջրային մարզաձևերի զարգացման համար։ Վերանորոգված մարզական կառույցը հնարավորություն կտա նաև հյուրընկալել միջազգային մրցումներ՝ նպաստելով քաղաքի մարզական կյանքի ակտիվացմանն ու Գյումրու՝ որպես մարզական կենտրոնի դիրքերի ամրապնդմանը։
Հովհաննես Կարապետյանի աշխատանքը հատկապես կարևոր է մատաղ սերնդի համար, քանի որ մարզական ենթակառուցվածքների զարգացումը հնարավորություն է տալիս երեխաներին զբաղվել սպորտով, զարգացնել իրենց կարողությունները և մասնակցել տարբեր մակարդակի մրցումների։