Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով։
Ութ րոպե տևած ելույթի ընթացքում Մակրոնը դատապարտել է ցուցարարների կողմից կիրառված բռնությունը։ Նա հայտարարել է, որ նրանք, ովքեր ջարդել և թալանել են ուրիշների գույքը, կկանգնեն դատարանի առաջ և կվճարեն իրենց պատճառած վնասի համար։
«Նրանք, ովքեր ավերել են, պետք է վճարեն։ Նրանք, ովքեր թալանել են, պետք է հատուցեն վնասը», — հայտարարել է նախագահը։
Որպես անկարգությունների կազմակերպիչներ՝ Մակրոնը նշել է «արմատական ծայրահեղ ձախ խմբավորումների խռովարարներին, որոնց միացել են բազմաթիվ քրեական տարրեր»։ Նախագահը խոստացել է, որ ավերված խանութների և սրճարանների սեփականատերերը փոխհատուցում կստանան։
Միևնույն ժամանակ, Մակրոնի խոսքով, անհրաժեշտ է տարբերակել խուլիգաններին նրանցից, ովքեր դուրս են եկել փողոց՝ իրենց օրինական պահանջները ներկայացնելու համար։ Նա ընդունել է, որ ցուցարարների դժգոհությունն արդարացված է, և Ֆրանսիայում սոցիալական խնդիրներ կան:
«Երիտասարդներն ասում են՝ մեզ սպասվող ապագան այն չէ, ինչ մենք ցանկանում ենք։ Մենք պետք է լսենք զայրացած մարդկանց»,- հայտարարել է Մակրոնը։
Մակրոնը խոստովանել է, որ վառելիքի գների բարձրացումն էլ ավելի է սրում ընդհանուր թանկացումը, թեև Ֆրանսիան պատասխանատու չէ վառելիքային ճգնաժամի առաջացման համար։ Նա խոստացել է առաջիկայում բանակցություններ վարել Պարսից ծոցի երկրների հետ՝ նավթի և նավթամթերքի գները զսպելու նպատակով։
Նախագահը նաև հայտարարել է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին՝ ինչպես ցուցարարների, այնպես էլ նրանց բողոքի թիրախ դարձած կողմերի մասնակցությամբ։
«Բոլորը՝ աշխատողները, ուսանողները, տեղական իշխանությունները, քաղաքական գործիչները, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և մասնակցեն քննարկմանը»,- ասել է Մակրոնը։
Նա հիշեցրել է, որ վեց ամիս անց Ֆրանսիայում ընտրություններ են անցկացվելու, և երկիրը պետք է պահպանի ժողովրդավարությանն աջակցելու հարցում իր միասնությունը։