Հռոմի Պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից երեք օր անց։ Քահանայապետը կրկին բարձրացրել է Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում մարդասիրական հրադադարի հարցը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։
Հոկտեմբերի 19-ին Զելենսկու հետ զրույցում Հռոմի պապը հիշեցրել է քաղաքում տիրող ծանր իրավիճակի և մարդասիրական հրադադարի խնդրանքի մասին, որով ավելի վաղ դիմել էր Պուտինին։
«Սրբազան հայրն իր հույսն է հայտնել, որ երկու կողմերի համագործակցությունը թույլ կտա սննդամթերք և բժշկական օգնություն հասցնել, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակչության կամավոր և անվտանգ տարհանումը», – ասվում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Լևոն XIV-ի և Պուտինի զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։ Վատիկանի հաղորդագրության համաձայն՝ Հռոմի պապը խոր մտահոգություն է հայտնել Ալյոշկիում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ և կոչ արել հրադադար հաստատել՝ օգնություն հասցնելու և խաղաղ բնակիչներին տարհանելու համար։