Բրիտանական «The Sun» պարբերականը տեղեկություն է տարածել, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գլխուղեղի արյունազեղում է ունեցել, կոմայի մեջ է ընկել և շտապ տեղափոխվել Պեկինի հիվանդանոց։ Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնական հաստատում չի ստացել։
Պարբերականի հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխել են Պեկինի միացյալ բժշկական քոլեջի հիվանդանոց։ Հյուսիսային Կորեայի և Չինաստանի իշխանությունները, ինչպես նաև անկախ աղբյուրները չեն հաստատել ո՛չ նրա հոսպիտալացման, ո՛չ էլ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները։
Հրապարակումների համաձայն՝ Կիմ Չեն Ընը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է հոկտեմբերի 11-ին՝ կնոջ՝ Լի Սոլ Չժուի և դստեր՝ Կիմ Չժու Էի ուղեկցությամբ այցելելով Փհենյանի պաշտպանության թանգարան։ Հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հրապարակել են այդ այցի լուսանկարները։
Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վերաբերյալ նմանատիպ լուրեր տարածվել էին նաև 2020 թվականին, երբ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին նրա հնարավոր մահվան մասին։