Բաքվից հայտարարում են՝ հայերի հետ խաղաղություն չի լինելու․ փաշինյանական միֆը հօ՞դս է ցնդում

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ով ներկայում հանդես է գալիս որպես քաղաքական վերլուծաբան, հերթական անգամ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և բացահայտել Բաքվի իրական նկրտումները Հայաստանի հանդեպ, խաղաղության, TRIPP-ի և այլնի հետ կապված։ Սույն գործիչը, որն իրավամբ համարվում է Ալիևի «արտահաստիքային խոսափողը», պնդել է․ «Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ խաղաղություն չի լինի»։

Նախկին պաշտոնյան բարբաջել է, թե «Հայաստանը հետ է կանգնում իր պարտավորություններից, դրանով իսկ վտանգելով խաղաղ կարգավորման հեռանկարները»։ Այս ամենը նա ասել է Vesti.az-ին տված հարցազրույցում և պնդել, թե «2020 թ․ կապիտուլյացիայից (իրականում Արցախի օկուպացիայից – խմբ․) հեռավորության մեծանալուն զուգընթաց, Հայաստանը ավելի ու ավելի է հակված վերանայել ձեռք բերված պայմանավորվածությունները․

«Նույնիսկ հիմա նրանք փորձում են ապացուցել, որ դա կապիտուլյացիա չէր, այլ հրադադարի համաձայնագիր։ Բայց այս ամենը, իհարկե, անհեթեթություն է։ Ինչո՞ւ։ Որովհետև հայկական կողմը կատարեց գլխավոր պայմանը. նոյեմբերի 10-ի համաձայնագրերը կատարելով՝ այն ազատագրեց որոշակի տարածքներ, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում է մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից ազատագրված տարածքը։ Ավելին, նրան հնարավորություն տրվեց դուրս բերել իր մնացած տեխնիկան։ Սա ռազմատեխնիկական միջոցառումների դասական օրինակ է, որտեղ պարտվող կողմը, ըստ էության, կատարում է հաղթողի պահանջները։ Եվ դա կոչվում է կապիտուլյացիա», – ասել է Զուլֆուգարովը։

Շարունակելով անհեթեթ մեղադրանքներ վերագրել հայկական կողմին՝ քաղաքական գործիչը պնդել է նաև, թե «պարտավորություններից նահանջը շարունակվում է քաղաքական մակարդակում»․ «Հայկական կողմը չի ցանկանում իր հիմնարար օրենքներից, այդ թվում՝ Սահմանադրությունից, ինչպես նաև մի շարք խորհրդարանական որոշումներից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող դրույթները։ Ավելին, այսօր, խոսելով Ալմա Աթիի հռչակագրի մասին, նրանք չեն ցանկանում չեղարկել խորհրդարանի կողմից դրա հաստատման ժամանակ ընդունված փոփոխությունները։ Նրանք նույնիսկ դա չեն ուզում։ Մենք տեսնում ենք այդ որոշումներից հետ կանգնելու ցանկություն»։

Զուլֆուգարովն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում խաղաղության մասին, բայց այս կամ այն կերպ փորձում է խուսափել իր պարտավորություններից․ «Եկեք անկեղծ լինենք, սա շատ վտանգավոր ուղի է։ Առճակատման ընտրությունը նշանակում է միայն մեկ բան՝ դրա շարունակություն։ Այժմ հակամարտությունը ռազմական ոլորտից տեղափոխվել է այլ ոլորտներ՝ իրավական, գաղափարական և քարոզչական։ Այսինքն՝ ագրեսիայի քաղաքականության բաղադրիչները շարունակում են մնալ հայկական քաղաքական օրակարգում։ Օրինակ՝ Փաշինյանը ներկայումս չի խոսում Ադրբեջանի նկատմամբ անեքսիայի կամ տարածքային պահանջների քաղաքականության շարունակման մասին, բայց արդյո՞ք կա երաշխիք, որ նրա հաջորդը չի խոսի այս մասին և չի վերադարձնի այն բոլոր տարածքային պահանջները, որոնք մենք լսել ենք 30 շարունակ։ Հետևաբար, սա, իհարկե, լուրջ շեղում է Հայաստանի համար խաղաղության օրակարգից։ Այս շեղման տարրերը նախկինում էլ են եղել։ Այս դեպքում դա բացահայտ հայտարարություն է այն մասին, որ Հայաստանը խուսափում է խաղաղության պայմանագիր ստորագրելուց։ Որովհետև առանց Սահմանադրությունը փոփոխելու և մեր Նախիջևանի հետ հաղորդակցությունները ապաշրջափակելու, Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ խաղաղություն չի լինի։ Դժբախտաբար, այս հայտարարությունները դեռևս պատշաճ կերպով չեն գնահատվել նրանց կողմից, ովքեր փորձել են ցույց տալ իրենց ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Ես առաջին հերթին նկատի ունեմ Միացյալ Նահանգներին», – հայտարարել է նախկին նախարարը։

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին և արդյո՞ք այլընտրանք կա դրան, հայատյաց գործիչը նշել է. «Նույնիսկ եթե TRIPP ճանապարհ չլինի, ճանապարհ այնուամենայնիվ կլինի»։ Ադրբեջանը երբեք չի նահանջի իր նպատակների իրականացումից։ Դա կլինի TRIPP-ի միջոցով՝ լավ, նոյեմբերի 10-ի համաձայնագրերի հիման վրա՞․ դա էլ ընդունելի է։ Կամ որոշ այլ անխուսափելի գործընթացների արդյունքում»։

Հայ-թուրքական սահմանի բացման մասին էլ խոսելիս, Զուլֆուգարովը նշել է, որ ինչ որ պահի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների և հաղորդակցության բացման շուրջ էյֆորիան կմեղմանա և կզիջի իր տեղը իրականությանը․ «Այնպիսի գործոնի գերակայությունը, ինչպիսին է թյուրքական միասնությունը, կստիպի Հայաստանին լիովին հասկանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները։ Այստեղ առաջապահ դիրք գրավելու փորձերը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ որևէ մեկի համար, խստորեն կճնշվեն Թուրքիայի կողմից՝ ոչ միայն Ադրբեջանի հետ համերաշխությունից ելնելով, այլև սեփական շահերից ելնելով։ Միգուցե մենք նույնիսկ պետք է ձևացնենք, թե մտահոգություն ունենք ինչ-որ տեղ՝ տարածաշրջանից դուրս սահմանի բացման հակառակորդներին չեզոքացնելու համար»։

Ադրբեջանի նախկին դիվանագետի և Ալիևյան ռեժիմի «սազանդարի» այս պնդումները վկայում են մեկ բանի մասին․ Փաշինյանը մշտապես հայտարարում է հենց վաղը խաղաղության համաձայնագիր ստորագրելու՝ իր պատրաստակամության մասին, սակայն Բաքուն անընդհատ նոր պայմաններ է առաջ քաշում, հասկանալով, որ հանուն իր հայտարարած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է եւ արդյունքում ստացվում է, որ խաղաղությունը մեզ համար ավելի վտանգավոր է, քան՝ պատերազմը։ Մենք մեր ունեցածը ոչ այդքան պատերազմով են կորցրել, որքան խաղաղության շրջանում եւ այս շանտաժի պայմաններում դեռ շարունակելու ենք կորցնել, որովհետեւ հարեւան ագրեսորը մեր պետության ղեկավարի է եւ դանդաղ էքսպանսիայի ձեւը գտել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *