Մինչև կայծակը չխփի, չխաչակնքվե՞նք․ այդպես են արել, որ այսօր Արցախում ու Ջերմուկում ադրբեջանցիներ են. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի լավատեսական հայտարարություններին և Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ երկրի ապագային վերաբերող որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է նախապես գնահատել հնարավոր ռիսկերն ու հետևանքները։

«Մինչև կայծակը չխփի, չխաչակնքվե՞նք։ Այդպես են արել, որ այսօր Արցախում ադրբեջանցիներ են, Ջերմուկում էլ ադրբեջանցիներ են։ Հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրությունը փոխվի»,– ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավոր հետևանքների վերաբերյալ հրապարակված զեկույցին՝ Խաչատրյանը նշել է, որ փաստաթղթում ներկայացված են այն տնտեսական արտոնություններն ու հնարավոր կորուստները, որոնց կարող է բախվել Հայաստանը կառույցի անդամ չլինելու դեպքում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունի, քանի որ Ռուսաստանի և միության մյուս երկրների շուկաները Հայաստանի ներմուծման ու սպառման կարևոր ուղղություններից են։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է եղել ԵԱՏՄ շրջանակում ձևավորված տնտեսական գործընթացներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *