Հայաստանը քննարկում է հարևաններից գազ գնելու հարցը. այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին՝ ինչպե՞ս է իշխանությունը կարգավորելու գազի ներկրման հարցը, եթե ԵԱՏՄ անդամ պետությունները խոսում են Հայաստանի անդամակցությունը կասեցնելու և դրա հետևանքով գազի գնի կտրուկ բարձրացման մասին։
Ո՞ր պետությունները նկատի ունեք՝ հարցին Ղազարյանը պատասխանեց․ «Մենք քննարկում ենք թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի հետ գազ ներկրելու հարցը»։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ առաջնային աղետը երկրի տնտեսությունը մեկ բևեռից կախված պահելն է։ Իսկ ո՞րն է այլընտրանքը ԵԱՏՄ-ի, ինչպե՞ս են ապահովելու բազմաբևեռ տնտեսական քաղաքականությունը։ Ասաց՝ իրենց վարած քաղաքականության շնորհիվ արդեն այդ ուղղությամբ արդյունքներ կան, ԵՄ շուկա արտահանելու դեպքեր կան։
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ABC Media-ին ասաց, որ հատկապես գազի ներկրման հարցում Հայաստանն այլընտրանք մեծ հաշվով չունի։
«Իրանից գազ ներկրելու համար պետք է նոր գազատար կառուցել, Ադրբեջանից ներկրման հարցը լրիվ ուրիշ է. ռուսական գազը կրկնակի թանկ են վաճառելու մեզ վրա ադրբեջանցիները։ Դրա այլընտրանքը ո՞րն է»,- ասաց Ֆարմանյանը։
Անի Աբաղյան