ԱՄՆ-ն կկարողանա լուծել իր ռեկորդային բարձր մակարդակի պետական պարտքի խնդիրը միայն արհեստական բանականության (ԱԲ) և ռոբոտների միջոցով․ ասել է ամերիկացի ձեռնարկատեր և Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը․ գրում է Business Insider-ը:
Ամերիկացի գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնի The Builders փոդքասթին տված հարցազրույցում ձեռնարկատերը, որը նախկինում ղեկավարում էր Կառավարության արդյունավետության բարձրացման հարցերի գրասենյակը (DOGE), նշել է, որ ԱԲ-ն և ռոբոտները պետական պարտքի խնդիրը լուծելու միակ միջոցն են: Պարզապես գումար խնայելու փորձն անհնար է:
«Գուցե, եթե նախագահը դա դարձներ իր, ասենք, գլխավոր նպատակը, մենք կարողանայինք դա անել, բայց խնդիրն այն է, որ փորձելով լուծել բյուջեի դեֆիցիտը և դադարեցնել անարդյունավետ ծախսերը՝ դուք շատ թշնամիներ եք ձեռք բերում», – բացատրել է Մասկը:
Վաշինգտոնի քաղաքական առաջնորդները մեծ մասամբ պատրաստ չեն կրճատել դաշնային ծախսերն այնքան, որ բյուջեի դեֆիցիտը զգալիորեն կրճատվի։ Միևնույն ժամանակ, «թվային գերբանականությունը» կարող է ապրանքների և ծառայությունների համաշխարհային արտադրությունը մեծացնել 20-30 տոկոսով, ինչը կարող է տարեկան մոտ 30 տրիլիոն դոլար ավելացնել համաշխարհային տնտեսությանը։
«Եթե դուք ունեք ռոբոտներ և հասնեք տիեզերք, հնարավոր է, որ ստեղծեք Երկրի տնտեսությունից միլիոն անգամ մեծ տնտեսություն։ Վերջիվերջո, սա կարող է հանգեցնել նրան, որ փողը դառնա ոչ արդիական։ Փողը չի անհետանա, բայց կարծում եմ, որ այն կչափվի հիմնարար ֆիզիկական մեծություններով, ինչպիսին են հզորությունն ու տոննաժը, զանգվածը և էներգիան», – բացատրել է գործարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետական պարտքը երկու ամսվա ընթացքում աճել է գրեթե 400 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային 40 տրիլիոն դոլարի։