Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի պատից Անդրանիկ Օզանյանի խճանկարը տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով․ տեղեկանում ենք դպրոցի Facebook-ի էջից։
«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։
Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։ Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ լրատվականներից մեկը գրել էր, թե Զորավար Անդրանիկի խճանկարը հեռացվել է դպրոցից։