Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Ռուսական կողմը ձգտում է վերացնել սահմանափակումները՝ քննարկելով հիմնադրամի հնարավոր մասնակցությունը ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարումների կազմակերպմանը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Վաշինգտոնը սահմանված ընթացակարգի համաձայն քննարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը պատժամիջոցների ցանկից հանելու հարցը։
Նրա խոսքով՝ այս քայլը նպատակ ունի բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները և նպաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամն առաջարկել է միջնորդ դառնալ ամերիկացի գնորդներին ռուսական դիզելային վառելիք մատակարարելու հարցում։ Այս նախաձեռնությունն իրականացնելու համար կարող է անհրաժեշտ լինել գործող պատժամիջոցների մեղմացում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ հոկտեմբերի 9-ին ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամանակավոր կասեցումն արդեն իսկ թույլ է տալիս հիմնադրամին մասնակցել համապատասխան գործարքներին։
Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը պատժամիջոցների ցանկից ամբողջությամբ հանելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ սահմանափակումների կիրառման հիմքերն այլևս գոյություն չունեն։
Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։