Լիտվան նախատեսում է 2032 թվականից անցնել համընդհանուր զինվորական զորակոչի։ Նման որոշում հինգշաբթի ընդունել է երկրի Պետական պաշտպանության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են պետության և ազգային պաշտպանության համակարգի ղեկավարները։ Որոշման մասին խորհրդի նիստից հետո հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաղորդում է LRT-ն։
Ըստ ծրագրի՝ ամեն տարի ծառայության կզորակոչվի շուրջ 7,5 հազար երիտասարդ։ Ներկայում Լիտվայի բանակը տարեկան համալրվում է ավելի քան 5 հազար զորակոչիկով։ Աղջիկները, ինչպես նախկինում, կկարողանան զինվորական ծառայություն անցնել կամավոր հիմունքներով։
Նաուսեդան պարզաբանել է, որ համընդհանուր զորակոչին անցումը հետաձգվել է մինչև 2032 թվականը՝ զինծառայողների թվի ավելացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները նախապատրաստելու նպատակով։ Մասնավորապես, երկիրը պետք է զորակոչիկներին ապահովի կացարաններով և պատրաստի հրահանգիչներ։ Բացի դրանից, անհրաժեշտ է նորակոչիկների պատրաստումը համադրել պահեստազորայինների ուսուցման և նրանց ռազմական հմտությունների պահպանման հետ։
Վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը խոստովանել է, որ կնախընտրեր ավելի հավակնոտ ժամկետներ, սակայն ռազմական հրամանատարությունը երկրի ղեկավարությանը համոզել է բանակի լիարժեք պատրաստությանը սպասելու անհրաժեշտության մեջ։
Ըստ վարչապետի՝ ծրագրի իրականացման համար կպահանջվի ավելի քան 300 հրահանգիչ, ինչպես նաև զինծառայողների տեղավորման համար հարմարավետ շինություններ։ Նա ընդգծել է, որ միայն բարեփոխումն արագացնելու համար զորակոչիկները չպետք է բնակվեն բեռնարկղերում կամ չհարմարեցված շենքերում։
Իշխանությունները մտադիր են նաև ընդլայնել ծառայության անցկացման տարբերակները։ Մասնավորապես, զորակոչիկներին կարող են առաջարկել անօդաչու թռչող սարքերի կառավարման ուսուցում, ինչպես նաև Պետական սահմանի պահպանության ծառայությանն ու հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին օգնելու հնարավորություն։
Լիտվայում մասնակի զորակոչը վերականգնվել է 2015 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո անվտանգության սպառնալիքների ուժեղացման հետնապատկերին։
Պետական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել է նաև Լիտվայի բանակի համար ամերիկյան Palantir ընկերության արհեստական բանականության համակարգը ձեռք բերելու հնարավորությունը։ Վերջնական որոշում դեռ չկա։
Նաուսեդան հայտնել է, որ իշխանությունները մտադիր են լրացուցիչ վերլուծել ծախսերի և ակնկալվող օգուտի հարաբերակցությունը, ինչպես նաև ճշտել նախագծի արժեքը։ Նախնական գնահատմամբ՝ առաջիկա երեք տարում համակարգի ներդրումը կարող է արժենալ մինչև 90 միլիոն եվրո։
Նախագահը նշել է, որ նման գործիքները կարող են օգնել ռազմական որոշումներ ընդունելիս ավելի արդյունավետորեն մեծ ծավալի տվյալներ մշակել, սակայն ընդգծել է բյուջետային միջոցները խնայելու անհրաժեշտությունը։
Սինկյավիչյուսն իր հերթին հայտարարել է, որ Լիտվան պետք է առևտրային առաջարկներ պահանջի և շարունակի բանակցությունները մատակարարների հետ։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը համարում է երկրի ռազմավարական գործընկերը և վստահում է ամերիկյան տեխնոլոգիաներին։
Միաժամանակ Ֆրանսիան և Գերմանիան ձգտում են մշակել Palantir-ի սեփական եվրոպական այլընտրանքները՝ մտավախություն ունենալով ամերիկյան տեխնոլոգիաներից չափազանց մեծ կախվածության և զգայուն տվյալների հնարավոր հասանելիության առնչությամբ։