Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին փոխանցել է, որ պատրաստ է անձնական հանդիպման ժամանակ քննարկել տարածքների հարցը, հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Նրա խոսքով՝ Զելենսկու դիրքորոշումը Պուտինին փոխանցել են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Ստյորեն հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ «Մենք ցանկանում ենք այդ հանդիպումը և պատրաստ ենք դրան։ Ամենայն հավանականությամբ, միայն Զելենսկու և Պուտինի հանդիպումը կարող է նոր որակ հաղորդել բանակցություններին։ Զելենսկին պատրաստ է քննարկել ամենաբարդ ու զգայուն հարցերը, այդ թվում՝ տարածքային հարցը», — ասել է Սիբիգան Helsingin Sanomat-ի հարցազրույցում։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների մակարդակով բանակցությունները կարող են կայանալ գրեթե ցանկացած վայրում։ «Մեզ համար միևնույն է։ Կարևորն այն է, որ դա չլինի Մոսկվան կամ Բելառուսը։ Կամ, գուցե, Հյուսիսային Կորեան», — նշել է ուկրաինացի նախարարը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարների զանգը Պուտինին հաստատել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները կշարունակվեն նոյեմբերին Աբու Դաբիում։ «Այդ հանդիպումը մեզ ցույց կտա՝ արդյո՞ք Ռուսաստանը լուրջ մտադրություն ունի ավարտելու պատերազմը դիվանագիտական միջոցներով», — ասել է Սիբիգան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հույս ունի առաջիկայում գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ։ «Շատ շուտով հանդիպումներ կկազմակերպվեն, և, կարծում եմ, մեծ առաջընթաց կգրանցվի», — հոկտեմբերի 28-ին ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան նշել է, որ «շուտով» հասկացությունը հարաբերական է։ Միաժամանակ, Պեսկովը չի հերքել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հեռանկարների մասին Թրամփի հայտարարությունը։ «Սակայն, ինչպես բազմիցս ասել ենք, դրան պետք է նախորդի երկարատև ու մանրակրկիտ աշխատանք», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մինչ այդ Զելենսկին Պուտինին առաջարկել էր դեկտեմբերին ԱՄՆ-ում հանդիպել «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում։ Սակայն Պեսկովը հայտարարել էր, որ դա «անհնար է»։ Նա հավելել էր, որ Զելենսկին կարող է օգտվել նախկին հրավերից և գալ Մոսկվա, եթե «իսկապես ցանկանում է» անձամբ շփվել Պուտինի հետ։
ՌԴ նախագահն առաջին անգամ Զելենսկուն Ռուսաստանի մայրաքաղաք էր հրավիրել 2025 թվականի սեպտեմբերին։ Միաժամանակ, նա կասկած էր հայտնել նման հանդիպման նպատակահարմարության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Ուկրաինայի ղեկավարին «լեգիտիմ» չի համարում։ Զելենսկին այն ժամանակ հրաժարվել էր մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք և առաջարկել էր հանդիպել Կիևում։ Պուտինը դրան չէր արձագանքել, սակայն կրկնել էր, որ Մոսկվան համարում է բարձր մակարդակի բանակցությունների «լավագույն վայրը», ինչպես նաև հավաստիացրել էր, որ ժամանելու դեպքում Զելենսկու անվտանգությունը կապահովվի։