Ուկրաինայում տեղակայված բրիտանացի և եվրոպացի խաղաղապահներին թույլ կտրվի պատասխան կրակ բացել ռուսների ուղղությամբ․ The Guardian

Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ բրիտանական զորքերին և նրանց եվրոպացի դաշնակիցներին թույլ կտրվի պատասխան կրակ բացել, եթե որպես խաղաղապահ Ուկրաինայում տեղակայվելուց հետո ռուսական ուժերի կողմից հարձակման ենթարկվեն․ գրում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ձևավորվող կայունացման ուժերը նաև կախված չեն լինի ամերիկյան համակարգերից կամ տեխնոլոգիաներից (օրինակ՝ Իլոն Մասկի «Starlink»-ից) և, տեղակայման դեպքում, ակնկալվում է, որ կազմված կլինեն գրեթե բացառապես եվրոպացի զինծառայողներից։

«Մենք, անշուշտ, կպաշտպանենք մեր ուժերը ցանկացած ագրեսիայից», -նշել է ծրագրերին ծանոթ պաշտոնյան՝ միաժամանակ ընդգծելով, որ Ուկրաինայում գտնվող արևմտյան զորքերի գործողությունները կրելու են «բացառապես պաշտպանական բնույթ»։

Մանրամասները հայտնի են դարձել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ներկայացրին «Koalicja» («Կոալիցիա») զորավարժությունը, որը տեղի կունենա այս ամսվա վերջին՝ Լեհաստանում։ Սա 11 երկրների մասնակցությամբ անցկացվող փորձնական գործողություն է, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարող են եվրոպական բանակները արագ տեղակայվել Ուկրաինայում՝ պատերազմի ավարտի դեպքում։

Բազմազգ ուժերի այս ստուգողական զորավարժությանը կմասնակցի 2800 զինծառայող՝ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերից։ Ֆրանսիան տրամադրում է 1500 զինծառայող իր 1-ին դիվիզիայից, իսկ Մեծ Բրիտանիան՝ 300 զինծառայող 7-րդ թեթև մեքենայացված բրիգադից։

Թեև Կիևին աջակցելու նպատակով ուժերի ապագա տեղակայումը դեռևս ենթադրյալ սցենար է, սա հիշեցում է այն մասին, որ հակամարտությունը կարող է նորից բորբոքվել՝ ներգրավելով այլ ուժերի։ Ակնկալվում է նաև, որ Ուկրաինա տեղակայվելու դեպքում դրանք կստանան ԱՄՆ-ի կողմից շատ սահմանափակ աջակցություն կամ ընդհանրապես աջակցություն չեն ստանա։

Հավանաբար հենց այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն է դարձվում ամերիկյան տեխնոլոգիաներ չօգտագործելուն։ «Մենք կախված չենք ամերիկյան համակարգերից», — նշել է պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բազմազգ ուժերը կապի համար օգտվում են Starlink արբանյակներից։

Թեև ԱՄՆ-ը բազմիցս փորձել է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջնորդությունը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կայուն հրադադարի հաստատման դեպքում՝ ամերիկյան ուժերը չեն ներգրավվի Ուկրաինայում խաղաղապահ գործողություններում։

Ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ հանձնառու են «ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինային տրամադրել ամուր և պարտադիր բնույթ կրող անվտանգության երաշխիքներ»։

Բեյթմանի խոսքով՝ բազմազգ ուժերի հիմնական նպատակներից մեկը լինելու է պատերազմից հետո Ուկրաինայի զինված ուժերի «վերականգնմանն ու հզորացմանը» աջակցելը, թեև նախատեսվում է, որ արևմտյան զորքերը կտեղակայվեն ռազմաճակատից բավականին հեռու։

Այնուամենայնիվ, նրա գործողությունների կանոնները թույլ կտան զորքերին պաշտպանվել ռուսական անօդաչու թռչող սարքերի ցանկացած հարձակումից, ինչը հարց է առաջացնում, թե Մոսկվան ինչպես կարձագանքի ցանկացած զինված միջադեպի:

Կործանիչ ինքնաթիռները նաև կօգնեն վերաբացել Ուկրաինայի առևտրային օդանավակայանները պարեկային ծառայություններով։ Կան նաև Սև ծովում ականազերծման ծրագրեր՝ այն վերաբացնելու հացահատիկի արտահանման և այլ ծովային առևտրի համար․ գործողություն, որը գլխավորում է Թուրքիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *