Հայաստանում գնաճը շարունակում է գերազանցել թիրախը․ արագանում են նաև ծառայությունների գները

Հայաստանում գնաճային ճնշումները շարունակում են պահպանվել՝ պայմանավորված ինչպես արտաքին շուկաներում գների աճով, այնպես էլ ներքին պահանջարկի ընդլայնմամբ։ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4.3%, իսկ բնականոն գնաճը՝ 4.7%։

ԿԲ-ի գնահատմամբ՝ գնաճի վրա շարունակում են ազդեցություն ունենալ ներմուծվող և տեղական ոչ սեզոնային պարենային ապրանքների գները։ Արտաքին գործոններից առանձնացվում են էներգակիրների թանկացումը, միջազգային առևտրային ուղիների խաթարումները, բեռնափոխադրումների և ապահովագրության ծախսերի աճը։

Ներքին շուկայում գնաճային ճնշումների պահպանման մեկ այլ գործոն է ծառայությունների ոլորտում պահանջարկի ընդլայնումը։ Մասնավորապես՝ բնակարանների վարձավճարների աճը շարունակում է նպաստել ոչ արտահանելի ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը։

ԿԲ-ի հաղորդագրության համաձայն՝ ոչ արտահանելի կոշտ գների ինդեքսը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 4.4%-ով։ Մի շարք ծառայությունների ենթաճյուղերում աշխատավարձերի աճը հասել է 10-12%-ի։

Կենտրոնական բանկը գնաճի նվազեցումը և միջնաժամկետում 3% նպատակային մակարդակի ապահովումը շարունակում է դիտարկել որպես դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություն։

Մանրամասներն՝ այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *