Հայաստանում կա 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր

Հայաստանում այս պահին կա 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր։ Այս մասին 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում նման ցուցանիշ չի գրանցվել, ինչը վկայում է կալանավորումների որոշակի նվազման մասին։

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների պայմաններին և վերանորոգման աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում աշխատանքներ են իրականացվել։

Ինչ վերաբերում է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանը, Գալյանն ասաց, որ այն նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։

«Նոր ՔԿՀ ունենալու կարիք ունենք։ Առաջիկա ամիսներին շատ ակտիվ աշխատելու ենք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ուղղությամբ»,- հավելեց նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *