2026 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ԱրմՍվիսԲանկն ակտիվորեն մասնակցել է կայուն ֆինանսավորման, բնության պահպանության և բիզնեսի զարգացմանն առնչվող միջոցառումներին։ Բանկի ներգրավվածությունն ընդգրկել է ելույթներ, պանելային քննարկումներ, աշխատանքային կլոր սեղաններ և միջազգային գործընկերների հետ հանդիպումներ՝ ներկայացնելով ֆինանսական ոլորտի դերը բնապահպանական նպատակները կենսունակ ներդրումների վերածելու գործում։
«Մենք հավատում ենք, որ բանկերը կարող են նաև համախմբող դեր ստանձնել՝ միավորելով բիզնեսին, պետական կառույցներին, համայնքներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ընդհանուր բնապահպանական նպատակների շուրջ»,– COP17-ին ընդառաջ Regional Post ամսագրին տված հարցազրույցում նշել է ԱրմՍվիսԲանկի Տնօրինության նախագահ, Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։ Հարցազրույցում ներկայացվել է Բանկի՝ շուրջ երկու տասնամյակ ընդգրկող կայուն ֆինանսավորման փորձը և Հայաստանի բնական կապիտալի պահպանության գործում բանկերի աճող դերը։
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham Armenia) կազմակերպած միջոցառումներին Բանկը ներկայացրել է բնության պահպանությանը նպաստող բիզնես մոդելների ֆինանսավորման իր փորձը և մասնակցել կանաչ ֆինանսավորման, բնապահպանական, սոցիալական ու կառավարման (ESG) սկզբունքների և կենսաբազմազանությանն ուղղված ներդրումների վերաբերյալ պանելային քննարկմանը։ Այս հարթակներում Բանկը ներկայացրել է Տնօրինության անդամ, Գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը։
Վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ շինարարության, ջրախնայողության, վերամշակման և էկոտուրիզմի ոլորտներում Բանկի ֆինանսավորած նախագծերի օրինակներով ներկայացվել է, թե ինչպես կարող են բնապահպանական լուծումները նպաստել նաև բիզնեսի ծախսերի նվազեցմանն ու մրցունակության բարձրացմանը։
COP17-ի շրջանակում ԱրմՍվիսԲանկը ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի Ֆինանսական նախաձեռնության (UNEP FI) հետ համագործակցությամբ կազմակերպել է նաև գործընկերային հանդիպում՝ համախմբելով միջազգային ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպումը հնարավորություն է տվել փոխանակել փորձը, ամրապնդել մասնագիտական կապերն ու քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։
Այս աշխատանքի շարունակության համար նոր հնարավորություններ է ստեղծում նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից 2025 թվականին Բանկի հավատարմագրումը։ Համաժողովի շրջանակում ներկայացվել է Հիմնադրամի հետ համագործակցությամբ նախապատրաստվող՝ էներգիայի կուտակման մարտկոցային համակարգերի ֆինանսավորման ծրագիրը՝ որպես Հայաստանի մաքուր էներգիայի անցմանն աջակցելու ուղղություններից մեկը։
ԱրմՍվիսԲանկը շարունակելու է միջազգային գործընկերների հետ զարգացնել այն ֆինանսական լուծումները, որոնք աջակցում են բիզնեսի արդիականացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու Հայաստանի բնական ժառանգության պահպանությանը։