ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 Globemaster III ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռները թռիչքների նոր շարք են իրականացրել դեպի իսրայելական Օվդա (Ուվդա) ավիաբազա՝ ըստ բրիտանական Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսի տվյալների։
Անցած շաբաթվա սկզբից մինչ այժմ ավիաբազա է թռել արդեն 16 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ։
Դրանք օդ են բարձրացել Տեխաս նահանգի Ֆորտ Բլիսում գտնվող Բիգս ռազմական օդանավակայանից, որտեղ տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիրներով և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերով հագեցած ՀՕՊ 69-րդ հրետանային բրիգադը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք, այդ թվում՝ Իսրայել, Patriot հրթիռների լրացուցիչ խմբաքանակներ է տեղափոխում՝ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության ֆոնին։
Իսրայելի Օվդա ավիաբազայում տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների խումբ, որոնք Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ակտիվորեն մասնակցել են այդ երկրի օբյեկտներին ավիահարվածներ հասցնելուն։
Բացի այդ, ամերիկյան ռազմաօդային ուժերն իսրայելական ավիաբազաներում կենտրոնացրել են առնվազն 43 լիցքավորող ինքնաթիռ, որոնք կարող են օգտագործվել Իրանին հարվածներ հասցնելիս ռազմավարական և մարտավարական ավիացիայի գործողություններն ապահովելու համար։ Արբանյակային պատկերների համաձայն՝ ներկայում Նեգև անապատում գտնվող Ռամոն ավիաբազայում տեղակայված է 25 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ, իսկ Իսրայելի հարավում գտնվող Օվդա ավիաբազայում՝ 4։ Եվս 18 ինքնաթիռ գտնվում է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։