Անթալիա մեկնելու պլաններ, այո, ունեմ՝ COP-ին մասնակցելու համար․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք նրա ճեպազրույցը՝ կետերով․
- Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք, որ մեր գործընկերները նման հարց են բարձրացնում՝ կողմնորոշվելու։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք ի վերջո 2027 կամ 2028-ին պաշտոնապես դիմենք՝ Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ ունենք գործող օրենք։
- Ես կարծում եմ, որ 30 և ավելի տարիներ, երբ կոնկրետ դեպք է ասվում, թալանը քողարկվում է. ինչ որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա․․․Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևը․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ում արձանագրված խախտումների մասին:
- 64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը… Ինչ լինում է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը։ Հիմա մեր ժողովուրդը որ խաղաղություն է ուզում, կամ որ ժողովուրդը գնա, նոր Սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։
- Ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են։
- Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսը-Խմբ․)։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական․ Փաշինյանը՝ ընդդիմադիրների հավաքի մասին։
- ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի հետ ծանոթացել ենք, զեկույցի եզրակացությունների մի ծանրակշիռ մասի հետ ընդհանրապես համաձայն չենք, և մեր անհամաձայնություններն աշխատանքային կարգով կփոխանցենք մեր գործընկերներին։
- Ես հստակ ասում եմ՝ եթե մենք չհենվենք «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա, Հայաստան պետության գոյությունը կասկածի տակ է։
- Քանի կան ավտոմեքենաներ, վթարներ տեղի են ունենալու, աշխարհում է էդպես։
- Պատրաստ ենք պայմանագիր կնքել թուրքական այն ընկերության հետ, որը կհաղթի Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգման համար Թուրքիայում հայտարարված մրցույթում։ Ընթացակարգային բարդությունների մեջ չընկնելու համար որոշվեց, որ թուրքական կողմը կհայտարարի մրցույթ, և հաղթած ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև ՀՀ-ն։