Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի լիովին հնարավոր է, որ քննարկվի և որոշում ընդունվի նրա անդամակցության ժամանակավոր կասեցման, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ՝ դրա կոնկրետ հոդվածով»։

Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում օրակարգի բոլոր հարցերի համար։

«Տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողով, որին նախորդելու է արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը, թերևս, ամենագլխավորը չէ, բայց կարող է ամենահետաքրքիրը լինել հանրության համար, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է»,– նշել է նա։

Հարցին, թե արդյոք այդ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթվա միջոցառումների շրջանակում, Պանկինը պատասխանել է.

«Հավանաբար՝ այո։ Այն կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մյուս բոլոր մասնակիցները կհամաձայնե՞ն արդյոք այն քննարկել։ Կարծում եմ՝ կքննարկվի»։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *