Մոնթե ֆիլմի պրեմիերայի ընթացքում ինքնաձիգներով պարը ալեկոծել է Հայաստանի վարչապետի խաղաղասեր հոգին։ Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատությունից հետո «Մոսկվա» կինոթատրոնը հայտարարել է, թե չի մասնակցել Արցախյան առաջին պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերայի երաժշտական և պարային բեմադրությանը։ Կինոթատրոնի ղեկավարությունը, վարչապետի նկատառումներից հետո, ասում է՝ պատրաստ են, իրենց ձևակերպմամբ, «նման դեպքերում ավելի հետևողական լինել»։ Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հիշեցնում է՝ առաջին դեպքը չէ, որ արվեստի այս կամ այն դրսևորումը Նիկոլ Փաշինյանի սրտով չէ։ Մի քանի տարի առաջ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը մեղադրվում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նա արդարացվեց։