Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից հաջորդ շաբաթ․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել Հայաստանին զրկելու կազմակերպությունում քվեարկության իրավունքից. ТАСС-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Հայաստանը երկու տարուց ավելի է, ինչ չի վճարել իր անդամակցության վճարները, ուստի՝ հարցը կարող է վերանայվել և որոշում կայացվել ժամանակավորապես կասեցնել անդամակցությունը, կամ, ավելի ճիշտ, զրկել քվեարկության իրավունքից, մինչև վճարների կատարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ՝ որոշակի հոդվածով։ Այսպիսով՝ նման արդյունք հնարավոր է, բայց դա կախված է նախագահի որոշումից», – նշել է նա։

Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատու է ամբողջ օրակարգի համար։

«Կլինի ՀԱՊԿ գագաթնաժողով, որին կնախորդի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը կարող է ամենակարևորը չլինել, բայց կարող է ամենահետաքրքիրը լինել հանրության համար, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է», – նշել է նա։

Արդյոք այս հարցը կքննարկվի՞ հաջորդ շաբաթվա միջոցառումների ժամանակ, Պանկինը նշել է. «Հավանաբար, այո՛, այն կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք մյուս բոլորը համաձայն են այն քննարկել, թե ոչ: Կարծում եմ՝ այն կքննարկվի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *