ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո պահպանողական կազմակերպություններին է ուղարկել պետության ղեկավարի ձեռքբերումները ներկայացնող հուշագրեր՝ ձգտելով համախմբել աջակիցներին, հայտնել է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով նամակի տեքստին։
Ինչպես նշել է պարբերականը, նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ մի շարք հանրապետականներ և հայտնի պահպանողականներ ընտրությունների արդյունքների պատասխանատվությունը հրապարակավ դրել են Թրամփի վրա։
«Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի վարչությունը, որն աշխատում է արտաքին խմբերի հետ, ավելի քան երեք հազար պահպանողական կազմակերպությունների հուշագիր է ուղարկել, որում թվարկել է նախագահի պաշտոնում Թրամփի ձեռքբերումները և խոստացել թույլ չտալ, որ իշխանության եկած դեմոկրատները դրանք ի չիք դարձնեն», — հաղորդել է պարբերականը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ձեռքբերումների մասին է խոսքը։
Ինչպես նշել է թերթը, նամակն ավարտվում էր դեղին գույնով ընդգծված նախադասությամբ։
«Ինչպես միշտ, մենք հետևում ենք ձեր կազմակերպությունների հայտարարություններին, մամուլի հաղորդագրություններին և մամուլի հետ շփումներին», — պարբերականի տեղեկացմամբ՝ ասվում է այդ տողում։
Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ էլեկտրոնային նամակը սպառնալիք չի պարունակել և Հանրապետական կուսակցության աջակիցներին համախմբելու ավելի լայնածավալ ջանքերի մի մասն է եղել։ Սակայն, ինչպես նշել է թերթը, հասարակայնության հետ կապերի վարչության նախորդ նամակներում չեն եղել պահպանողական խմբերի հայտարարություններին հետևելու մասին ձևակերպումներ։