Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) կարևոր քայլ է կատարել Հայաստանի կապիտալի շուկայի թվային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ․ բորսայի պաշտոնական կայքում հասանելի է դարձել TradingView Advanced Charts մասնագիտական վերլուծական գործիքակազմը՝ ֆինանսական շուկաների տվյալների պատկերման և տեխնիկական վերլուծության համար աշխարհում ամենահայտնի լուծումներից մեկը։
Այս ինտեգրման շնորհիվ ներդրողները հնարավորություն են ստացել օգտվելու ինտերակտիվ գրաֆիկներից և ալգորիթմային վերլուծության գործիքների լայն ընտրանուց, անմիջապես AMX-ի կայքի «Արժեթղթեր» բաժնում ներկայացված հայկական արժեթղթերի էջերում։ Այժմ շուկայի դինամիկան վերլուծելու համար այլ հարթակներ անցնելու անհրաժեշտություն չկա․ վերլուծական հիմնական հնարավորությունները հասանելի են բորսայի պաշտոնական կայքում։
Այսպիսով, անհատ և պրոֆեսիոնալ ներդրողներն ավելի լայն հնարավորություններ են ստանում շուկան ուսումնասիրելու, ֆինանսական գործիքների դինամիկան գնահատելու և հիմնավորված ներդրումային որոշումներ կայացնելու համար։
Վերլուծության մասնագիտական գործիքներ՝ անմիջապես AMX-ի կայքում․
TradingView Advanced Charts-ի ինտեգրումը զգալիորեն ընդլայնում է ֆինանսական գործիքների ինքնուրույն վերլուծության հնարավորությունները։
Օգտատերերին հասանելի են՝
- Ինտերակտիվ գրաֆիկներ․ գների և առևտրի ծավալների փոփոխությունների պատկերում, ֆինանսական գործիքների պատմական դինամիկայի ուսումնասիրություն։
- Տեխնիկական ցուցիչներ․ Համակարգված ալգորիթմային վերլուծության գործիքների լայն ընտրանու կիրառում, այդ թվում՝ RSI, MACD, Բոլինջերի գոտիներ և այլ ցուցիչներ։
- Գրաֆիկական վերլուծության գործիքներ․ թրենդերի գծերի կառուցում, բաժնետոմսերի գների տատանողականության մակարդակների նշում, Ֆիբոնաչիի գործիքների և գրաֆիկների նշագրման այլ տարրերի օգտագործում։
- Վիզուալ կարգավորումներ․ ժամանակային միջակայքերի, գրաֆիկների տեսակների և վիզուալ պարամետրերի ընտրություն՝ ըստ անհատական վերլուծական խնդիրների։
Ներդնելով միջազգային մակարդակի լուծումներ և ընդլայնելով իր հարթակի տեխնոլոգիական հնարավորությունները՝ AMX-ը հետևողականորեն աշխատում է Հայաստանի կապիտալի շուկայի ժամանակակից ենթակառուցվածքի զարգացման և ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
TradingView՝ միջազգային ֆինանսական հանրության կողմից ճանաչված տեխնոլոգիաներ
TradingView-ը ֆինանսական վերլուծության համաշխարհային հարթակ է, որը միավորում է ավելի քան 100 միլիոն թրեյդերի և ներդրողի։ Հարթակից օգտվում է ավելի քան 40 000 ընկերություն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ NASDAQ-ը, Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսան և Interactive Brokers-ը։ Դրա լուծումները լայն հնարավորություններ են ընձեռում ֆինանսական տվյալների հետ աշխատելու համար։
TradingView-ի տեխնոլոգիաներն օգտագործվում են ֆինանսական ընկերությունների, բորսաների, բրոքերների և կապիտալի միջազգային շուկայի այլ մասնակիցների կողմից՝ սեփական թվային ծառայությունները զարգացնելու և ներդրողների հետ աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով։
Հայաստանի ֆոնդային բորսայի համար Advanced Charts-ի ներդրումը կայքի գործառույթների պարզ թարմացում չէ։ Այն տեխնոլոգիական զարգացման նշանակալի փուլ է, որը ցույց է տալիս առաջատար միջազգային տեխնոլոգիական հարթակների լուծումների կիրառմամբ բարդ ինտեգրացիոն նախագծեր իրականացնելու AMX-ի կարողությունը։
TradingView-ի հետ համագործակցությունն ամրապնդում է AMX-ի միջազգային դիրքերը, ընդգծում բորսայական ենթակառուցվածքի ժամանակակից չափանիշներին համապատասխանելու նրա ձգտումը և նպաստում Հայաստանի կապիտալի շուկայի ճանաչելիության բարձրացմանը միջազգային ֆինանսական միջավայրում։
Ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից
TradingView-ի գործիքներից օգտվելու համար անհրաժեշտ է՝
Այցելել Հայաստանի ֆոնդային բորսայի կայք՝ https://amx.am։
Բացել «Արժեթղթեր» բաժինը։
Համապատասխան ենթաբաժնում ընտրել Ձեզ հետաքրքրող արժեթուղթը։
Անցնել ընտրված ֆինանսական գործիքի էջը։
Գործիքակազմի հնարավորություններին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ և դիտել, օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած պետական պարտատոմսի էջը։
****
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։