Ընդդիմադիր քաղաքական գործիչները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում՝ հանրությանը ներկայացնելով Սահմանադրության փոփոխության վտանգները։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Երևանի մետրոպոլիտենից՝ հայտնելով, որ արդեն մեկնարկել են իրազեկման ակցիաները։
«Այս պահին Մետրոպոլիտենում ենք, ու կշարժվենք տարբեր ուղղություններով»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 8-ից Երևանում իրազեկման ակցիաներ կանցկացվեն՝ հանրությանը Սահմանադրության փոփոխության վտանգները ներկայացնելու նպատակով. «Մենք հավաքների շարք ենք սկսում մեր հանրության տարբեր ակտիվ գործիչների հետ։ Եվ ներկայացնում ենք մեր քայլերի հաջորդականությունը, մեր ծրագրերը։ Այսօր այն կուսակցությունները, որոնք արդեն իսկ ստորագրել են, միացել են ալիեւյան սահմանադրությանը դեմ գնալու պրոցեսին, կրկին ներկա են։ Մեզ նաեւ միանում է «Միասնության թեւերը»։ Եվ հետագայում պարոն Ասլանյանին, իրենց առաջնորդներին նույնպես կտեսնեք մեզ միացած։
Այսօր որոշում ներկայացրինք, որ վաղը ստորագրած կուսակցությունների ղեկավարները, ակտիվ անդամները կսկսեն իրազեկման ակցիաներ։ Ղեկավարները շատ կարեւոր են, ովքեր ազատության մեջ են իհարկե։ Իրազեկման ակցիաներ Երեւանով մեկ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք ալիեւյան սահմանադրության վտանգները։ Խոսենք մեր հանրության հետ մեր անկախության եւ մեր անկախության վերահաստատման մասին»,– ասել էր քաղաքական գործիչը։
Նոյեմբերի 4-ին մի շարք քաղաքական ուժեր հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով համախմբում նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ։