Nvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետ


Մամուլ


Ամերիկյան չիպերի խոշորագույն արտադրող Nvidia ընկերությունը կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է անկախ հետաքննություն սկսելու մասին։ Լուրեր են տարածվել, թե ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը սիրավեպ է ունեցել մի կնոջ հետ, որը ենթադրաբար համագործակցում է Չինաստանի հատուկ ծառայությունների հետ։

Nvidia-ից հայտնել են, որ ընկերության տնօրենների խորհուրդը բավարար հիմքեր չունի կասկածելու գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ կամ խոսելու ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հուանգը շարունակելու է ղեկավարել ընկերությունը, սակայն, այդուհանդերձ, տնօրենների խորհուրդը հանձնարարել է անցկացնել հասանելի տեղեկատվության ստուգում:

Nvidia-ի աշխատակիցներին ուղղված ծառայողական գրության մեջ Ջենսեն Հուանգը խոստովանել է սիրավեպի մասին և հայտարարել, որ «խորապես ցավում է» կնոջը դավաճանելու համար՝ նշելով, որ իր գործողությունները ցավ են պատճառել նրան ու իրենց երեխաներին, և արածի համար արդարացում չկա, բայց նա հույս ունի, որ ժամանակի ընթացքում ինքը կկարողանա վերականգնել վստահությունը: Հուանգը նաև հավելել է, որ մտադիր է պաշտպանել Nvidia-ն և աջակցել ԱՄՆ ազգային անվտանգությանը:

Լրագրողների տվյալներով՝ Nvidia-ի ղեկավարը ռոմանտիկ հարաբերություններ էր սկսել Էլիս Հուանգի հետ, որը ղեկավարում է Սինգապուրում գտնվող Megaspeed ընկերությունը: Այդ ընկերությունը չիպեր է գնում Nvidia-ից:

Ինչպես հայտնել են The New York Times-ի աղբյուրները, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Էլիս Հուանգին, քանի որ նրան համարում են Չինաստանի պետական անվտանգության նախարարության կողմից հավաքագրված անձ, և մոտ մեկ տարի առաջ նրա նկատմամբ իրականացվող հետախուզության մասին զեկուցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այդուհանդերձ, լրագրողներին չի հաջողվել պարզել, թե հատկապես ինչ տեղեկություններ կարող էր Էլիս Հուանգը փոխանցել Պեկինին և որքանով արժեքավոր կարող էին լինել այդ տվյալները։ Չինաստանն ավելի վաղ հերքել էր լրտեսության մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն շահարկումներ»:

Nvidia ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ համարվում է արհեստական բանականության ոլորտում համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկը:

armradio.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *