Կիպրոսի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավարտել է հայրենիքում անցկացրած ուսումնամարզական հավաքը և ժամանել Երևան, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակում կմրցի Հայաստանի ընտրանու հետ։
Կիպրական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջիկա դիմակայությունից առաջ հյուրերն ունեն կադրային երկու լուրջ կորուստ։
Այսօր առավոտյան անցկացնելով վերջին մարզումը՝ Կիպրոսի ընտրանին Երևանի ժամանակով 18:30-ին Լառնակայի օդանավակայանից ուղևորվել է Հայաստանի մայրաքաղաք։
Մեկնելուց առաջ թիմի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի խաղամակարդակն ու ընդգծել սեփական հարկի տակ մեր ընտրանու վտանգավորությունը․
«Հայաստանը շատ լավ թիմ ունի, հատկապես սեփական հարկի տակ, որտեղ երկրպագուների աջակցությունը նրանց լրացուցիչ ուժ է հաղորդում։ Կարծում եմ՝ թիմերի միջև բավականին լարված ու տակտիկական պայքար կծավալվի։ Մենք լավ մարզավիճակում ենք, շարունակում ենք պայքարել մեր առջև դրված նպատակների համար և հուսով ենք, որ հինգշաբթի օրը կլինենք անհրաժեշտ բարձրության վրա»,- նշել է մասնագետը։
Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա վնասվածքի պատճառով Կիպրոսի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը։
Հայաստանի դեմ խաղին չի մասնակցի նաև պաշտպան Կոստաս Պիլեասը․ վերջինս թեև ընդգրկված է հայտացուցակում, սակայն որակազրկված է մեր ընտրանու դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Պաշտպանական գիծը համալրելու նպատակով Մանցիոսը հավաքական է հրավիրել «Ապոլոնի» ֆուտբոլիստ Անդրեաս Սիիկիսին։
Կիպրոսի հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկվել է 27 ֆուտբոլիստ․
Դարպասապահներ․ Անդրեաս Պարասկևաս, Ֆաբիանո Ֆրեյտաս, Զոել Մոլ։
Պաշտպաններ․ Լեոնիդաս Կոնոմիս, Անդրեաս Սիիկիս, Նիկոլաս Ցարուլա, Եվագորաս Անտոնիու, Կոնստանտինոս Լայֆիս, Նիկոլաս Պանայիոտու, Հեկտոր Կիպրիանու, Կոստաս Պիլեաս, Գեորգոս Մալեկիդիս։
Կիսապաշտպաններ․ Խարալամբոս Կիրիակու, Կոստակիս Արտիմատաս, Մորգան Բրաուն, Խարալամբոս Խարալամբուս, Պանայիոտիս Անդրեու, Գրիգորիս Կաստանոս, Իոաննիս Կոստի, Ստավրոս Գեորգիու, Մարինոս Ցիոնիս, Մարկուս Էդվարդս, Լոիզոս Լոիզու։
Հարձակվողներ․ Զանոս Սավվա, Անգելոս Նեոֆիտու, Իասոնաս Պիկիս, Իոաննիս Պիտաս։
Հավելենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիան։ Կիպրոսը 7 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին։