ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների մեթոդաբանության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: Նոր կարգավորումներով սահմանվում են ռիսկայնության գնահատման հստակ չափանիշներ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտներում գործող տնտեսավարողների համար:
Գործող մեխանիզմներով Տեսչական մարմինը պլանային ստուգումներ էր կարողանում իրականացնել միայն ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ, իսկ մյուս 3 ոլորտների համար ռիսկայնության գնահատման չափանիշներ սահմանված չէին:
Ամենաբարձր ռիսկայինը՝ գազաբալոնների տեղադրումն ու վկայագրումն է
Նախագծով տրանսպորտի բնագավառում սահմանվել են ոլորտային ռիսկայնության հետևյալ միավորները.
- 50 միավոր (ամենաբարձր ռիսկայնություն)․ Գազաբալոնային սարքավորումների տեղադրում և պարբերական վկայագրում
- 40 միավոր․ Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն
- 30 միավոր․ Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ։
Ինչպե՞ս են գնահատվելու տնտեսավարողները
Տեխզննման կայաններ․ Ռիսկայնությունը հաշվարկվելու է հոսքագծերի տեսակից (ունիվերսալ կամ թեթև), դրանց քանակից և տարեկան իրականացված տեխզննումների ծավալից։ Հատկանշական է, որ սահմանվել է նաև «խրախուսական» մեխանիզմ․ եթե տեխզննման ներկայացված և անսարք ճանաչված մեքենաների թիվը գերազանցի ստուգվածների 10%-ը, տնտեսավարողի ռիսկայնության գնահատականից կհանվի 10 միավոր (ինչը նվազեցնում է պլանային ստուգումների հավանականությունը):
Գազաբալոնային ոլորտ․ Միավորները կախված կլինեն լիցենզիայի ներդիրներից և վերջին 6 ամսում իրականացված աշխատանքների քանակից (օրինակ՝ 300-ից ավելի տեղադրման դեպքում՝ 20 միավոր, իսկ 4000-ից ավելի վկայագրման դեպքում՝ 30 միավոր)։
Փոփոխություններ նաև շինարարության ոլորտում
Նախագծով ընդլայնվում է նաև քաղաքաշինության ոլորտի օբյեկտների ռիսկայնության գնահատման շրջանակը։ «Շինարարական աշխատանքների տեսակ» չափանիշում «արդիականացվող, քանդվող, վերակառուցվող» ձևակերպումներից բացի ավելացվում են նաև նորոգման, կառուցման, վերականգնման, ուժեղացման և ընդլայնման աշխատանքները։
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի մշակած որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ Տեսչական մարմնին լիարժեք հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նշված ոլորտներում։