8 մերժված վիզա, մեկ մեծ գաղափար և միլիարդավոր դոլարների ընկերություն․ ինչպես Էրիկ Յուանը ստեղծեց Zoom-ը

Այսօր տեսազանգերն ու առցանց հանդիպումները դարձել են միլիոնավոր մարդկանց առօրյայի մի մասը։ Աշխատանքային քննարկումներ, դասեր, գործնական բանակցություններ, ընտանեկան զրույցներ․ այս ամենը հնարավոր է իրականացնել աշխարհի ցանկացած կետից՝ ընդամենը մի քանի հպումով։

Այդ փոփոխության խորհրդանիշներից մեկը Zoom-ն է՝ տեսահաղորդակցության հարթակը, որը հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց համավարակի տարիներին։

Սակայն ընկերության հիմնադիր Էրիկ Յուանի հաջողության պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ Չինաստանում, տեխնոլոգիական ոլորտում աշխատելու երազանքով և ԱՄՆ մուտք գործելու բազմաթիվ անհաջող փորձերով։

Ութ մերժումից հետո՝ դեպի Սիլիկոնյան հովիտ

Էրիկ Յուանը ծնվել է Չինաստանի Շանդուն նահանգում։ Նա կրթություն է ստացել մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում։ Դեռ երիտասարդ տարիքում հետաքրքրվել է ինտերնետի զարգացմամբ և համոզված եղել, որ ապագայի տեխնոլոգիական հեղափոխության կենտրոններից մեկը լինելու է Սիլիկոնյան հովիտը։

ԱՄՆ տեղափոխվելու ցանկությունը, սակայն, հեշտությամբ չիրականացավ։ Յուանը դիմեց ամերիկյան վիզա ստանալու համար, բայց ութ անգամ մերժում ստացավ։ Միայն իններորդ դիմումից հետո նրան հաջողվեց ստանալ անհրաժեշտ թույլտվությունը։

1997 թվականին նա տեղափոխվեց ԱՄՆ և աշխատանքի անցավ WebEx տեխնոլոգիական ընկերությունում։ Սկզբում աշխատում էր որպես ծրագրային ապահովման ինժեներ, հետագայում դարձավ ընկերության ինժեներական թիմի կարևոր ներկայացուցիչներից մեկը։

2007 թվականին, երբ Cisco-ն ձեռք բերեց WebEx-ը, Յուանը շարունակեց աշխատանքը նոր սեփականատիրոջ մոտ՝ ստանձնելով ինժեներական ուղղության ղեկավար պաշտոնը։

Գաղափարը, որը ծնվել էր անձնական փորձից

Յուանի գաղափարի հիմքում նաև անձնական փորձ էր։ Համալսարանում սովորելու տարիներին նա երկար ճանապարհ էր անցնում գնացքով՝ ապագա կնոջը տեսակցելու համար։ Այդ ճանապարհորդությունները նրան ստիպում էին մտածել՝ որքան հարմար կլիներ ունենալ մի տեխնոլոգիա, որը հնարավորություն կտար հեռվից տեսնել սիրելի մարդու դեմքը և շփվել նրա հետ։

Տարիներ անց, երբ նա արդեն աշխատում էր տեսահաղորդակցության ոլորտում, այդ գաղափարը վերածվեց մասնագիտական նպատակի։

WebEx-ում և հետագայում Cisco-ում աշխատելու ընթացքում Յուանը պարբերաբար շփվում էր հաճախորդների հետ։ Նա նկատում էր, որ մարդիկ դժգոհ են տեսազանգերի որակից, բջջային սարքերով օգտագործման անհարմարություններից և ծրագրերի բարդությունից։

Յուանը համոզված էր, որ հնարավոր է ստեղծել ավելի պարզ, արագ և հուսալի ծառայություն։ Սակայն ընկերության ղեկավարությանը չհաջողվեց համոզել նոր լուծման անհրաժեշտության հարցում։

2011 թվականին նա որոշեց հեռանալ Cisco-ից և հիմնել սեփական ընկերությունը՝ իր պատկերացրած տեսահաղորդակցության հարթակը ստեղծելու համար։

Zoom-ի ծնունդը․ նոր ընկերություն՝ հագեցած շուկայում

2011 թվականին Յուանը հիմնադրեց Zoom-ը։ Սկզբնական շրջանում ընկերությունը հայտնի էր Saasbee անվամբ, իսկ հետագայում վերանվանվեց Zoom Video Communications։

Նոր ընկերության ստեղծման պահին շուկան արդեն ուներ տեսահաղորդակցության մի շարք հայտնի ծառայություններ։ Հետևաբար, Zoom-ի համար հեշտ չէր առանձնանալ մրցակիցներից։

Յուանը որոշեց կենտրոնանալ ոչ թե պարզապես նոր գործառույթներ ավելացնելու, այլ օգտատերերի փորձը բարելավելու վրա։

Նրա ռազմավարության հիմքում երեք կարևոր սկզբունք էր՝

  • տեսազանգերի բարձր որակ,

  • ծրագրի պարզ և հասկանալի օգտագործում,

  • տարբեր սարքերից միանալու հնարավորություն։

2013 թվականի հունվարին գործարկվեց Zoom-ի առաջին տարբերակը։ Հարթակն աստիճանաբար սկսեց գրավել ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ կազմակերպությունների ուշադրությունը։

2019 թվականի ապրիլին ընկերությունը բաժնետոմսերը տեղաբաշխեց Nasdaq բորսայում՝ դառնալով հրապարակային ընկերություն։

Համավարակ, որն ամբողջ աշխարհին ծանոթացրեց Zoom-ի հետ

Zoom-ի համար ամենամեծ աճի շրջանը սկսվեց 2020 թվականին, երբ COVID-19 համավարակի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում սահմանափակվեցին մարդկանց տեղաշարժն ու առօրյա շփումները։

Ընկերությունների մեծ մասը ստիպված էր անցնել հեռավար աշխատանքի, ուսումնական հաստատությունները կազմակերպում էին առցանց դասեր, իսկ ընտանիքներն ու ընկերները փորձում էին կապ պահպանել տեսազանգերի միջոցով։

Zoom-ը կարճ ժամանակում դարձավ այդ փոփոխության գլխավոր գործիքներից մեկը։

Ընկերության տվյալներով՝ 2019 թվականի դեկտեմբերին հարթակի ամենօրյա հանդիպումների մասնակիցների թիվը կազմում էր մոտ 10 միլիոն, իսկ 2020 թվականի ապրիլին այդ ցուցանիշը հասել էր շուրջ 300 միլիոնի։

Այս աճը ցույց տվեց, թե որքան կարևոր կարող է դառնալ պարզ և հասանելի տեխնոլոգիական լուծումը, երբ աշխարհը կանգնած է անսպասելի մարտահրավերի առաջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *