Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալի ֆոնին Nvidia-ի շուկայական արժեքը նվազել է 515 միլիարդ դոլարով

ԱՄՆ ֆոնդային ինդեքսները հինգշաբթի առևտրի մեկնարկին նվազել են՝ Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից Ջենսեն Հուանգի հեռանալու մասին հաղորդագրություններից հետո։ Արհեստական բանականության շուկայի առանցքային խաղացողներից մեկի բաժնետոմսերն առևտրի սկզբում անկում են ապրել 12%-ով, իսկ օրվա երկրորդ կեսի սկզբին անկումը գերազանցել է 4%-ը, հայտնում է NBC News-ը։

Օրվա ընթացքում Nvidia-ն Nasdaq, Dow Jones և S&P 500 ինդեքսներում ամենամեծ անկում գրանցած ընկերություններից էր։ Ընկերության մասին լուրերի հետնապատկերին բոլոր երեք ինդեքսներն անկայուն դինամիկա են ցուցաբերել՝ սկզբում նվազել են, ապա վերականգնվել և կրկին անկում ապրել։

Nvidia-ն ժամանակավոր ղեկավար է նշանակել իր երկարամյա ֆինանսական տնօրենին։ Միաժամանակ ղեկավարության իրավահաջորդության պաշտոնական ծրագրի բացակայությունն ընկերությանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնեցրել այն պահին, երբ նրա մշակումներն առանցքային նշանակություն ունեն արհեստական բանականության ամբողջ ոլորտի համար։

Հուանգի հեռանալը նաև ուժեղացրել է մտավախությունները Չինաստան միկրոսխեմաների մատակարարումների կարգավորման հնարավոր խստացման վերաբերյալ։ JPMorgan-ի վերլուծաբանները դեռ մինչև հրաժարականի մասին հաղորդագրության հրապարակումը զգուշացրել էին, որ ազգային անվտանգության նկատառումները մեծացնում են ուղղակի և անուղղակի մատակարարումների նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու հավանականությունը։

«Ակնկալում ենք, որ Nvidia-ի թիմը արհեստական բանականության ոլորտում կպահպանի առաջատար դիրքը»,- նշել են JPMorgan-ի վերլուծաբանները՝ միաժամանակ զգուշացնելով, որ կառավարման մեջ նույնիսկ մեկ լուրջ սխալը կարող է նոր խնդիրների հանգեցնել։ Նրանց կարծիքով՝ իր առջև դրված խնդիրներն անթերի կատարելու ընկերության կարողությունը վճռորոշ նշանակություն կունենա թե՛ նրա, թե՛ ամբողջ ոլորտի համար։

Հուանգի մասին հաղորդագրությունների հետնապատկերին Nvidia-ի բաժնետոմսերի գինը կտրուկ նվազել է, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է մոտ 515 միլիարդ դոլարով։ Առևտրի սկզբում ընկերության արժեքը 2025 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 4 տրիլիոն դոլարից ցածր։

Տեխնոլոգիական ոլորտի վրա լրացուցիչ ճնշում են գործադրել արհեստական բանականության համար ամպային հաշվարկների ոլորտում աշխատող Nebius ստարտափի արդյունքները։ Ընկերության շահույթը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, սակայն ներկայացված կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։ Նրա բաժնետոմսերն անկում են ապրել գրեթե 20%-ով, իսկ մրցակից CoreWeave-ի արժեթղթերը նախորդ օրվա աճից հետո էժանացել են 10%-ով։

Ներդրողներն ավելի ու ավելի զգուշավոր են վերաբերվում արհեստական բանականությանն առնչվող ընկերություններին, հատկապես՝ փոքր ստարտափներին, որոնց տվյալների կենտրոնների կառուցման համար տասնյակ միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ։ Չնայած արհեստական բանականության համակարգերում, հաշվողական ենթակառուցվածքներում և սարքավորումներում արդեն ներդրված հարյուրավոր միլիարդավոր դոլարներին՝ շուկան շարունակում է կասկածել, թե որքան արագ այդ ներդրումները կսկսեն արդյունք տալ։

Այս պայմաններում Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսայի կիսահաղորդչային ընկերությունների ինդեքսը նվազել է 2%-ով, իսկ հիշողության սարքեր արտադրողների ցուցանիշներին հետևող բորսայական ֆոնդը կորցրել է 4%։ Տեխնոլոգիական ոլորտը S&P 500-ի ոլորտների շարքում գրանցել է վատագույն դինամիկան։

Նոյեմբերի 7-ին Հուանգը Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածում է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Խոսքն Էլիս Հուանգի մասին է, որին ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են չինական հետախուզության հետ կապ ունեցող անձ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնել։

Ավելի ուշ Հուանգը հեռացել է ընկերության ղեկավարի պաշտոնից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *