Ինչ վիճակում են Երևան-Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաները

Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել էին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացել էր։ 

«Մեզ մոտ գտնվող 3 երեխայից մեկը, որի վիճակը միջին ծանրության էր ու դեռ հոկտեմբերի վերջին տեղափոխվել էր բաժանմունք, արդեն դուրս է գրվել, մյուս 2-ի մոտ (7 և 10 տարեկան), որոնք ծայրահեղ ծանր վիճակում էին, ևս դրական դինամիկա կա, բայց նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Ծանր վիրահատություններից ու միջամտություններից հետո հիմա այդ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է ծանր և գնում է դեպի միջին ծանրության։ Երեխաների գիտակցությունը մանր–մանր գալիս է, դեռ լրիվ գիտակցություն չկա»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` դուրս գրված երեխան այժմ հարազատների հետ է։

Տուժած 4-րդ երեխան` 11 ամսական աղջնակը, նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *