Քանյե Ուեսթի դեմ հայց է ներկայացվել՝ կոմպոզիտորին փակի տակ պահելու համար

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, իբր, դպրոցում փակել է օպերային երգիչ, կոմպոզիտոր Չեյզ Թեյլորին, որպեսզի վերջինս երաժշտություն գրի աստվածաշնչյան Նաբուգոդոնոսոր թագավորի մասին իր օպերայի համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայցադիմումի համաձայն՝ երբ Թեյլորը ժամանել է Վայոմինգ նահանգի Քոդի քաղաք՝ փորձերին մասնակցելու, Ուեսթի պրոդյուսեր Փոլ Ջոնսոնը նրան տարել է տեղի միջնակարգ դպրոց և ուղեկցել դպրոցական նվագախմբի սենյակ, որի դուռը կողպել են։ Թեյլորին հայտնել են, որ նա չի կարող լքել սենյակը, իսկ զուգարան կարող է գնալ միայն Ջոնսոնի թույլտվությամբ։

«Թեյլորին հայտնել են, որ գլխավոր դերը և մեներգային հատվածները կատարելուց բացի՝ նա պետք է նաև երաժշտություն գրի օպերայի համար։ Ջոնսոնը նաև հայտնել է, որ ներկայացումը պետք է ավարտին հասցվի և ամբողջությամբ պատրաստ լինի ընդամենը չորս օրում՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 24-ին նախատեսված պրեմիերան», – ասվում է փաստաթղթում։

Հետագայում Թեյլորին հանձնարարել են սովորեցնել տասնյակ մարդկանց, որոնցից շատերը չէին կարողանում կարդալ նոտաները, կատարել իրենց պարտիաները։

Հայցադիմումի համաձայն՝ Թեյլորին խոստացել են առատաձեռն վարձատրություն, Ուեսթի հետ մշտական համագործակցություն և պրոդյուսերի կարգավիճակով նրա անվան հիշատակում։ Սակայն այդ խոստումներից ոչ մեկը չի կատարվել։

Իր հերթին Թեյլորը պահանջում է պատասխանողներից ճանաչել իր հեղինակային իրավունքները, վճարել դրանց օգտագործումից ստացված շահույթի իր բաժինը, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել չվճարված աշխատանքի, կորցրած եկամուտների և ենթադրյալ ապօրինի ազատազրկման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *