Հայաստանի պետական խորհրդանիշների ճակատագիրը պետք է որոշեն քաղաքացիները՝ հանրաքվեով։ Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո կայացած ավանդական ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի Հանրապետության պետական զինանշանից Արարատի պատկերը հնարավոր հեռացնելու մասին հարցին։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է պետական խորհրդանիշները սահմանել հանրաքվեով ընդունվող առանձին օրենքով։ Ընդ որում, իշխանությունները դրանց փոփոխության վերաբերյալ առայժմ որևէ կոնկրետ առաջարկ չունեն։
«Քաղաքացիները պետք է իրենք որոշեն, թե որ դրոշը, զինանշանը կամ օրհներգն են իրենցը համարում», – ասել է Փաշինյանը։
Միաժամանակ Կառավարության ղեկավարը հավելել է, որ եթե քաղաքացիները պաշտպանեն գործող պետական խորհրդանիշները, դրանք չեն փոխվի։