Վարշավայում անհայտ անձինք կարմիր ներկով ներկոտել են երկու հուշարձան՝ դրանց վրա թողնելով «Slava UPA» («Փառք ՈւԱԲ-ին») գրությունը, հայտնել է tvn24-ը։
Ոստիկանությունը հաստատել է, որ վանդալիզմի մասին հաղորդումներ է ստացել և նախնական քննչական գործողություններ է իրականացնում։
Ստալինիզմի քաղաքական բռնաճնշումների բանտարկյալների հրապարակում գտնվող՝ Լեհական զորքի 1-ին բանակի զինվորի հուշարձանի վնասման մասին առաջինը հայտնել է TVN24 հեռուստաալիքը։ Անդերսի փողոցում գտնվող հուշարձանի պատվանդանին խոշոր կարմիր տառերով գրություն է հայտնվել։ Ինչպես նշել է հեռուստաալիքի թղթակից Մատեուշ Մժիկը, հրապարակում այլ վնասներ չեն հայտնաբերվել։ Հուշարձանը գտնվում է մայրաքաղաքի ոստիկանության պարետատան շենքից մոտ 150 մետր հեռավորության վրա։

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել երկրորդ վնասված հուշարձանի՝ Վարշավայի գետտոյի հերոսների հուշարձանի մասին, որը գտնվում է Լեհաստանի հրեաների պատմության POLIN թանգարանի հարևանությամբ։ Դրա վրա նույնպես թողել են «Slava UPA» գրությունը։
Մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Բարտոշմեյ Սնյադալան հաստատել է, որ իրավապահները հուշարձանների վրա գրություններ անելու մասին երկու հաղորդում են ստացել։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ստուգել է տեղեկությունը և անցել գործով նախնական գործողություններին։
Սա վերջին օրերին Լեհաստանում նման առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Գդինյայում անհայտ անձինք վնասել էին երեք հուշակոթող՝ դրանց վրա թողնելով նույն կարգախոսով գրություններ։ Դրանց թվում են Ստարովեյսկա փողոցում գտնվող՝ Գդինյայից տեղահանված բնակիչների հուշարձանը, Կոստյուշկոյի հրապարակում գտնվող «Լեհական ծով» հուշարձանը և Ռեդլովո շրջանում քաղաքի պաշտպաններին նվիրված հուշաքարը։ Տեղի ոստիկանությունը հետաքննում է նաև այդ միջադեպերը։
ՈւԱԲ-ը՝ Ուկրաինական ապստամբական բանակը, գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո։ Լեհաստանում դրա գործունեությունը կապվում է, մասնավորապես, Վոլինում և Արևելյան Գալիցիայում լեհ խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների հետ։
Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի էլիտար ստորաբաժանմանը «ՈւԱԲ-ի հերոսներ» պատվավոր անվանումը շնորհելու՝ Վլադիմիր Զելենսկու որոշումը հանգեցրել է Լեհաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրման. այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին նախաձեռնել է Զելենսկուն երկրի բարձրագույն պետական պարգևից զրկելու գործընթացը, Ուկրաինայի ղեկավարը խորհրդանշական կերպով վերադարձրել է լեհական շքանշանը, Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պյոտր Պորոշենկոն նույնպես հայտարարել են լեհական պարգևները վերադարձնելու մասին՝ ի նշան համերաշխության։