Հնդկաստանում լրտեսական սկանդալ է տեղի ունեցել. ռազմաօդային ուժերի սպան մեղադրվում է ինտիմ լուսանկարների դիմաց պակիստանցի գործակալին գաղտնի ռազմական փաստաթղթեր փոխանցելու համար․ գրում է Times of India-ն։
Դելիի ոստիկանության տվյալներով՝ զինվորականը WhatsApp-ի միջոցով կապ է պահպանել Պակիստանի հետախուզության ենթադրյալ աշխատակցուհու հետ։ «Մերկ» լուսանկար ստանալուց հետո նա, ինչպես պնդում են, ուղարկել է «գաղտնի ռազմական պլան» նշումով փաստաթղթի մեկ էջ և առաջարկել շարունակել փոխանակումը «մեկ էջ՝ մեկ լուսանկարի դիմաց» սկզբունքով։
Քննությունը պարզել է, որ սպան բացահայտել է տեղեկություններ Հնդկաստանի ռազմական պլանների, Լեհի ավիաբազայի օպերատիվ հնարավորությունների, մարտական ինքնաթիռների տեղակայման, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի գաղտնի ստորաբաժանման կառուցվածքի և ներուժի մասին։
Զինվորականը ձերբակալվել է, նա մեղադրվում է պետական դավաճանության համար։