Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության բեռնաթափման ծրագրերին՝ պարզաբանելով մարզային ավտոմեքենաների մուտքի սահմանափակման վերաբերյալ շրջանառվող լուրերը, խաչմերուկների վերահսկողությունն ու նորակառույց շենքերի ազդեցությունը։
Տիգրան Ավինյանը կտրականապես հերքել է այն պնդումները, թե քաղաքապետարանը պլանավորում է արգելել մարզերից ժամանող մեքենաների մուտքը Երևան՝ դա որակելով որպես սուտ և մանիպուլյացիա։ Նրա խոսքով՝ քննարկվում է ոչ թե պարտադրանքը, այլ հոսքը դեպի հանրային տրանսպորտ ուղղորդելու հնարավորությունը։
«Այդ ամբողջ հոսքը վերահսկելու համար պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին՝ կախված դրա արտանետումների ծավալից և մեր առողջությանը հասցվող վնասի չափից։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և դրա տեսակին։ Մարդու բնակության հասցեն բացարձակապես կապ չի ունենալու դրա հետ»,— ընդգծել է քաղաքապետը։
Անդրադառնալով երթևեկության կանոնների խախտումներին՝ Ավինյանը նշել է, որ քաղաքային ենթակառուցվածքներն ու տեսախցիկները պետք է կենտրոնանան հենց ընդհանուր հոսքը խաթարող իրավախախտումների արձանագրման վրա։ Առաջնային են համարվում երկու ուղղություն.
- Խաչմերուկները փակելը,
- Խաչմերուկների մոտ կայանած ավտոմեքենաները։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ քաղաքապետարանն արդեն իսկ համապատասխան տեսանյութերն ուղարկում է Ներքին գործերի նախարարություն՝ իրավախախտներին տուգանելու համար, և այս ծավալներն աստիճանաբար ավելանալու են։ Ավինյանը նաև կարևորել է հստակեցնելը, թե այդ խախտումների դեպքում վարորդներից տուգանային միավորներ (բալեր) հանվում են, թե ոչ։
Անդրադառնալով այն տեսակետներին, թե մայրաքաղաքում խցանումներն առաջանում են ինտենսիվ շինարարության հետևանքով՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ շենքերն ու շինթույլտվությունները միանշանակ չեն ազդում երթևեկության վրա։ Ըստ նրա՝ ավտոմեքենաների քանակի կտրուկ աճը պայմանավորված է բացառապես տնտեսական աճով, ՀՆԱ-ի և բնակչության եկամուտների ավելացմամբ։
«Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում են նոր ավտոմեքենա, և միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի»,— պարզաբանել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսաուղերձով բարձրաձայնել էր խցանումների խնդիրը՝ հարցադրում անելով, թե ինչ պետք է արվի, որպեսզի տնտեսական աճի, սնկի պես աճող շենքերի, մեքենաների ու զբոսաշրջիկների թվի ավելացման պայմաններում Երևանում տեղաշարժվելը «ինֆարկտի բուն» չդառնա։ Նա նշել էր, որ կան մարդիկ, ում աշխատանքային պարտականությունն է վաղուց գտած լինել այդ հարցի պատասխանը։