Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանը՝ պաշտպանական գործարանում դիվերսիայի պատճառով

Էստոնիայի իշխանությունները դեկտեմբերի 1-ից կփակեն Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ընկերության պաշտպանական ձեռնարկությունում դիվերսիայի փորձի պատճառով։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։

Չարագործները նոյեմբերի 14-ի գիշերը փորձել են հրկիզել Վիյմսիի գործարանը՝ կոտրելով պատուհաններն ու ներս լցնելով դյուրավառ հեղուկ։ Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է Լատվիայի ութ բնակչի՝ չհստակեցնելով նրանց քաղաքացիությունը։ Նրանցից հինգին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանը փակելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ստացվել են «համոզիչ ապացույցներ», որ այս գործողությունների հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը, որը հայտնի է որպես ԳՌՈւ և հանդես է եկել որպես պատվիրատու ու համակարգող։

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի դեմ թշնամական գործողությունները հետևանքներ կունենան։ Մեզ վախեցնելու, իրավիճակն ապակայունացնելու կամ մեր անվտանգությունը խաթարելու փորձերն անպատասխան չեն մնա։ Սահմանային անցակետերի փակումը կնվազեցնի Էստոնիայում թշնամական գործողություններ իրականացնելու Ռուսաստանի հնարավորությունները և ավելի արդյունավետ կդարձնի պատժամիջոցների շրջանցումը կանխելու մեր ջանքերը», — նշել է Ցահկնան։ Նա հավելել է, որ այս որոշման մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի իր գործընկերներին։

Ներկայում Էստոնիայի և Ռուսաստանի սահմանին գործում է երեք անցակետ՝ Իվանգորոդը՝ Լենինգրադի մարզում, ինչպես նաև Կունիչինա Գորան և Շումիլկինոն՝ Պսկովի մարզում (բալթյան հանրապետության կողմից՝ Նարվան, Կոյդուլան և Լուհամաան)։ Դրանք աշխատում են ամեն օր՝ Էստոնիայի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 19:00-ն։ Ընդ որում՝ Նարվայով թույլատրվում է միայն հետիոտների անցումը։ Էստոնիայի ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին այս անցակետերով սահմանը հատել է մոտ 444 հազար մարդ և 35 հազար տրանսպորտային միջոց՝ համապատասխանաբար 13%-ով և 20%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

ՆԳ նախարար Իգոր Տարոն հաջորդ շաբաթ կառավարությանը կներկայացնի բոլոր ավտոճանապարհային սահմանային անցակետերը թե՛ հետիոտների, թե՛ տրանսպորտային միջոցների համար փակելու առաջարկ։ Նախարարների կաբինետը պետք է որոշի՝ միջոցը ժամանակավոր կլինի, թե անժամկետ։

Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ փորձում է շարքից հանել Էստոնիայի պաշտպանական ձեռնարկությունները։ Ավելի վաղ հանրապետության իշխանությունները ՌԴ հատուկ ծառայություններին մեղադրել էին օգոստոսի 15-ին Milrem Robotics գործարանում հրդեհ կազմակերպելու մեջ։ Գործարանը Ուկրաինայի համար արտադրում է ցամաքային ռոբոտացված համալիրներ։ Գործի շրջանակում ձերբակալվել է երեք մարդ, նրանցից երկուսը՝ Լատվիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *