Ֆրանսիայում մինչև նոյեմբերի 27-ը ժամանակավոր արգելք է սահմանվել հրավառությունների և հրատեխնիկական արտադրանքի վաճառքի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը նոյեմբերի 15-ին հրապարակվել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում (Journal Officiel)։
«Մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ երկրի ողջ տարածքում արգելվում են հրատեխնիկական արտադրանքի և հրավառությունների վաճառքն ու օգտագործումը», — ասվում է հրապարակման մեջ։
Սահմանափակումները տարածվում են F2 և F3 դասերի հրատեխնիկական արտադրանքի վրա, որը նախկինում կարող էր ազատորեն վաճառվել չափահաս քաղաքացիներին։ F4 դասի արտադրանք ձեռք բերել նախկինի պես թույլատրվում է միայն պրոֆեսիոնալ հրատեխնիկներին։ Նախկինում դրա վաճառքն իրականացվում էր մասնագիտացված խանութներում՝ հատուկ թույլտվության առկայության դեպքում, իսկ փողոցներում օգտագործումն արգելված էր։ Փաստաթղթում նշվում է, որ այս դասերի հրատեխնիկական սարքերն սկսել են կիրառել ոչ թե զվարճանքի, այլ վնասվածքներ պատճառելու համար։
Երկրի կառավարությունում ընդգծել են, որ ցույցեր անցկացնելու իրավունքը երաշխավորված է, սակայն դա մասնակիցներին իրավունք չի տալիս վնաս պատճառել շրջապատողներին։ Նշվում է, որ ցուցարարները հրատեխնիկան օգտագործում են որպես զենք՝ ոստիկանների և ժանդարմների դեմ։
Ընդ որում, նման արտադրանքից տուժում են նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու սովորողները։ Այսպես, նոյեմբերի սկզբին Վալ դ’Ուազ դեպարտամենտում նման միջադեպերի հետևանքով վնասվածքներ են ստացել ուսուցչուհին, դաստիարակչական աշխատանքի գծով օգնականը, լիցեյի տնօրենը և ևս մեկ աշխատակից։