39-ամյա դարպասապահը պատմական այս ցուցանիշը գրանցել է MLS-ի շրջանակում կայացած «Լոս Անջելես» – «Լոս Անջելես Գելաքսի» սկզբունքային դերբիում (2:2)։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» և «Foot Mercato» պարբերականները, Լյորիսն իր ակտիվում արդեն ունի 1001 պաշտոնական հանդիպում, ընդ որում՝ այս հաշվարկում ներառված չեն պահեստային թիմերում և պատանեկան ու երիտասարդական հավաքականներում անցկացրած խաղերը։
Լյորիսի պրոֆեսիոնալ կարիերան մեկնարկել է հարազատ «Նիցցայում», որից հետո նա պաշտպանել է «Լիոնի» և Լոնդոնի «Տոտենհեմի» գույները, իսկ 2024 թվականից հանդես է գալիս «Լոս Անջելեսում»։ Ֆրանսիայի ազգային հավաքականում դարպասապահը նորամուտը նշել է 2008 թվականին, իսկ 2023-ի հունվարին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին՝ մնալով ընտրանու պատմության ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը։
«Le Figaro»-ի հաշվարկներով՝ 1000 խաղի պատմական սահմանագծին մոտ են նաև ֆրանսիական ֆուտբոլի ոսկե սերնդի ևս երեք վառ ներկայացուցիչներ․
- Կարիմ Բենզեմա – 993 հանդիպում (ներառյալ «Լիոնի» երկրորդ թիմում անցկացրած խաղերը)
- Անտուան Գրիզման – 964 հանդիպում
- Օլիվյե Ժիրու – 950 հանդիպում
Հատկանշական է, որ թվերը կարող են տատանվել՝ կախված վիճակագրական մեթոդաբանությունից․ օրինակ՝ Բենզեմայի դեպքում, եթե հաշվարկից դուրս թողնվեն պահեստային թիմի հանդիպումները, ցուցանիշը դեռևս զգալիորեն զիջում է Լյորիսի ռեկորդին։
Հավելենք, որ Ուգո Լյորիսը ֆրանսիական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և կայուն դարպասապահներից է։ Ազգային հավաքականի ավագի թևկապով նա 2018 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, 2021-ին՝ Ազգերի լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել է Եվրո-2016-ի և ԱԱ-2022-ի արծաթե մեդալները։
armsport.am