Հորդանանի պետական անվտանգության դատարանը մահապատժի է դատապարտել երեք անձի՝ հոկտեմբերի 23-ին ուղղափառ եկեղեցում իրականացված ահաբեկչական հարձակման համար։ Հարձակումը տեղի էր ունեցել Էլ-Կարաք նահանգի Սուրբ Գևորգ ուղղափառ եկեղեցում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ։ Երեք զինված անձ կրակ էին բացել եկեղեցում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Զոհվել էր 9 մարդ, ևս 34-ը վիրավորվել էին։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություններ իրականացնելու, զենք կիրառելու և ահաբեկչական խմբավորման գաղափարները քարոզելու համար։ Դատապարտյալներից մեկը մեղավոր է ճանաչվել նաև ահաբեկչության ֆինանսավորմանն աջակցելու մեջ։
Դատավճիռը կարող է բողոքարկվել, սակայն այն ենթակա է նաև Հորդանանի վճռաբեկ դատարանի պարտադիր քննությանը։ Հարձակվողները դեպքից հետո ձերբակալվել էին անվտանգության ուժերի կողմից։